Տավուշում ԱԺ ընտրություններին ովքե՞ր են առաջադրվելու. մի շարք անուններ են շրջանառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԱԺ ընտրությունների թեկնածուների պաշտոնական առաջադրմանը դեռ ժամանակ կա, սակայն արդեն իսկ քաղաքական կուսակցությունների անդամների, համակիրների եւ բնակչության մեջ շրջանառվում են թեկնածուների անունները: Ըստ այդմ, իշխող ՀՀԿ-ի ցուցակում Տավուշի մարզում առաջադրվելու է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, ով ծնունդով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Նրան ավելի շատ ճանաչում են հայրենի Բերդում, քան մարզի այլ տարածաշրջաններում:

«Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ ՀՀԿ որոշման դեպքում ինքը կընդգրկվի այդ կուսակցության ցուցակում եւ կպայքարի ընտրվելու համար: ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու կառաջադրվի նաեւ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, խոշորացված, 9 բնակավայր ընդգրկող Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի աներձագը: Կ. Նազարյանն ընտրությունների ժամանակ կստանա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի համակողմանի աջակցությունը:

ՀՀԿ-ի ցուցակում կլինի նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրեն Նիկոլ Ղալթախչյանը: Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության Իջեւանի տարածքային կազմակերպության երիտասարդական թեւի ղեկավարն է: Շրջանառվում են նաեւ Իջեւանի վարժարանի տնօրեն, Իջեւան քաղաքի ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանի եւ Հաղարծին գյուղի բժշկական ամբուլտորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի անունները: Գ. ժամհարյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ ինքը կարող է ընդգրկվել ՀՀԿ ցուցակում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ընտրական ցուցակին, ապա դրանում կընդգրկվեն Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապվարչության պետ Լեւոն Վանցյանը: Նշենք, որ Ս. Մանուկյանը նախկինում զբաղեցրել է Իջեւանի քաղաքապետի տեղակալի, իսկ Վ. Ալեքսանյանը՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

Իսկ, ահա, «Հայկական վերածնունդ» (նախկին՝ ՕԵԿ) կուսակցության ցուցակով առաջադրվելու է Տավուշի նախկին փոխմարզպետ, Իջեւանի ավտոձեռնարկության սեփականատեր Վահե Վարդապետյանը: Տեղեկություններ կան, որ այդ կուսակցության ցուցակում է լինելու նաեւ Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի անունը:

Եվ վերջապես՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու են ԲՀԿ Տավուշի տարածքային կառույցների ղեկավարները: Մասնավորապես կուսակցության Իջեւանի կազմակերպության ղեկավար, Հայաստանի որսորդմիության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Ժիրայր Մելիքսեթյանը, Դիլիջանի սոցապի նախկին տնօրեն Արմեն Խառատյանը եւ Բերդի պոլիկլինիկայի նախկին տնօրեն Համլետ Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկեն «Ծառուկյան» դաշինքի ցուցակում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս