Մ. Պողոսյանի գործը հենց այդ վստահության ամրապնդման լավագույն հնարավորությունն էր, որը, սակայն, ՀՔԾ-ի ջանքերով դարձավ հերթական «կորսված» շանսը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ պանամական օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն: Նրա այդ մտադրությունը հայտնի դարձավ դեռեւս անցած նոյեմբերի 26-ին, երբ ՀՀԿ համագումարին մասնակցող Քեթրինի Միհրանը սիրահոժար կերպով սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին: Եվ արդեն այն ժամանակ վերջինիս ինքնավստահ կեցվածքից ակնհայտ էր, որ մինչ ընտրությունները ՀՔԾ-ն նրա հետ կապված քրեական գործը որեւէ ձեւով կփակի: Ինչն էլ տեղի ունեցավ 2017թ. հունվարի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ քրեական գործով վարույթը կարճվել է՝ Պողոսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Իրականում «Ժողովուրդը» այս սցենարը կանխատեսել էր դեռ անցած մայիսին: Գրել էինք, որ հարուցվող քրեական այս ողջ գործընթացը մեկ նպատակ ունի՝ «մաքրել» Պողոսյանի անունն օֆշորային այս սկանդալից: Բնականաբար խորքային առումով ԴԱՀԿ նախկին ղեկավարի անունը մաքրված համարել չի կարելի. դժվար թե որեւէ մեկը կասկածում է «Հետք» պարբերականի հրապարակած տեղեկատվությանը՝ պանամական օֆշորներում Պողոսյանին պատկանող ընկերությունների գործունեության մասին: Առավել եւս, որ ինչպես արդեն գործը կարճվելուց հետո հայտարարել է «Հետք»-ի գլխավոր խմբագիրը՝ ՀՔԾ-ն չի էլ փորձել բացահայտել Պողոսյանին առնչվող գործը. «ՀՔԾ-ն բացարձակ քննություն չի իրականացրել, որովհետեւ Պանամայի փաստաթղթերն իրենց մոտ չկան: Թե ի՞նչ են արել այս ամիսների ընթացքում, անհասկանալի է»,- նշել է Էդիկ Բաղդասարյանը: Արդեն հայտնի է, որ ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի եւ Շվեյցարիայի իշխանություններին անպատասխան են մնացել, քանի որ մասնավորապես վերջինի դեպքում փաստաթղթերն ուղղակի սխալ էին լրացվել: Միտումնավոր, թե անփութորեն՝ դա էլ արդեն հարցի մյուս կողմն է:

Ինչեւէ: Մ. Պողոսյանի հետ կապված քրգործի կարճմանը երեկ անդրադարձել է նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի տարածած հայտարարությունում ասված է. «Անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը եւ հետամուտ չլինելը, ինչպես նաեւ ցանկացած կուսակցության ցուցակում Մ. Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն եւ այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում»:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ բնականաբար իշխանությունները կխոսեն կանխակալ վերաբերմունքի եւ ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների նկատմամբ վստահության անհրաժեշտության մասին: Մինչդեռ Մ. Պողոսյանի գործը հենց այդ վստահության ամրապնդման լավագույն հնարավորությունն էր, որը, սակայն, դարձավ հերթական «կորսված» հնարավորությունը: Եվ այս իրավիճակում երեկ ուղղակի տխուր էր լսել ՀՀ-ում ԵՄ պատվիրակութան ղեկավար Պ. Սվիտալսկիի գովաբանական հայտարարությունները՝ «կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների քննադատական կեցվածքի» վերաբերյալ:




Լրահոս