Սեփական անգործությունը հիմնավորելու ձևեր, որոնց արդյունքում տարեցտարի ավելի է մեծանում միջազգային գիտական կենտրոններում ադրբեջանական կեղծ պատմագիտության արմատավորման վտանգը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար, երբ ադրբեջանական քարոզչությունը այս կամ այն միջազգային կառույցում հաջողում է հակահայկական դիրքորոշումների ձեւավորման հարցում, հայկական կողմից արդարանում են, թե ինչ արած՝ Ադրբեջանի նավթադոլարներին ու խավիարային դիվանագիտությանը դիմագրավելը շատ դժվար է: Նույնկերպ, երբ տարբեր տեղեկատվական հարթակներում ադրբեջանական պսեվդոպատմագիտությունը տոննաներով լցնում է շքեղ հրատարակություններ այն մասին, որ Երեւանը եղել է հին ադրբեջանական քաղաք, որ ոչ միայն Զվարթնոցը, այլեւ Էջմիածինն է հին աղվանական կոթող, հայկական կողմից ասվում է, թե մենք չպետք է հակադարձենք ադրբեջանական «աղբամանային պատմագիտությանը», թե դա լուրջ չէ եւ այլն:

Իրականում հենց նման մոտեցումներն են անլուրջ, դրանք սեփական անգործությունը հիմնավորելու ձեւեր են, որոնք տարեցտարի ավելի են մեծացնում միջազգային գիտական կենտրոններում ադրբեջանական կեղծ պատմագիտության արմատավորման վտանգը: Երեկ մամլո ասուլիս էին հրավիրել «Արցախի հոգեւոր գանձերը» նկարազարդ գրքի հեղինակները: Հայ ազգի մեծ բարեկամ Կիմ Բակշիի գրած, ապա հայ հեղինակների ջանքերով լրամշակված այս հրաշալի գիրքը, որը ներկայացնում է աշխարհով մեկ սփռված Արցախի հոգեւոր գանձերը լուսանկարներով, հրատարակվել է 1500 օրինակով, սակայն, ինչպես երեկ ցավով նշել են հեղինակները, հրատարակության տարածումը մատնվել է անուշադրության: Նախագծի հեղինակ Սուրեն Սարգսյանն ասել է, որ գրքի տարածմանն աջակցելու ակնկալիքով դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմին, մշակույթի, կրթության ե գիտության, տարածքային կառավարման նախարարություններին, որոնք բոլորը միասին գնել են գրքի 300 օրինակ, մինչդեռ 600 օրինակ դեռ չսպառված է:

Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենց համար ամենազարմանալին ու վիրավորականն այն էր, որ գիրքը գնելու իրենց առաջարկը անարձագանք են թողել ՀՀ արտգործնախարարությունը, սփյուռքի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Հավանաբար գերթանկարժեք կոնյակի, կոնֆետների եւ ծաղկեփնջերի սիրահար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում «ավելոդ ճոխություն» են համարել հյուրերին նվիրելու նպատակով այս գրքի համար 15.000 վճարելը, դե, իսկ սփյուռքի եւ ԱԳ նախարարությունների մասին, թերեւս, խոսելն ավելորդ է: Այս գերատեսչություններում «ամեն կոպեկը հաշվում են», մինչեւ բիզնես կլասով տոմսեր գնելն ու աշխարհի քարտեզի վրա չերեւացող եւ ՀՀ-ի տեղն անգամ չիմացող երկրներ պարբերական գործուղումների մեկնելը:

Նշենք, որ մեր գերատեսչությունները նման անտարբերություն են ցուցաբերում բազմաթիվ այլ դեպքերում: Նույն հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը բազմիցս են այս խնդիրների մասին խոսել՝ ի ցույց դնելով տարիներով իրենց գրասենյակներում փոշոտվող արժեքավոր գիտական աշխատությունների տիրաժները, որոնք իրացնելու, անգամ նվիրելու պատրաստակամությամբ իրենք բազմաթիվ գերատեսչական դռներ են թակել: Տխուր է:




Լրահոս