«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով շուրջ 8 ամիս կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը, որ հունվարի 27-ից հացադուլ և ջրադուլ էր հայտարարել, դադարեցրել է այն:
Ներսես Պողոսյանը փաստաբան՝ Արայիկ Պապիկյանի միջոցով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ես դադարեցնում եմ հացադուլը եւ ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի եւ օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ ընտանիքիս համար:
Ես խոսք ունեմ ասելու՝ հատկապես դատարանում, եւ ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ: Պայքարս շարունակելու եմ: Տառապանքով վաստակած արդարությունն առավել քաղցր է լինելու…»:
Նշենք, որ Ներսես Պողոսյանի վիճակը երեկ կտրուկ վատացել էր. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ (կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի ամիս առաջ: