Հարց քաղաքացիներից` որպես ժառանգորդ որդին կարո՞ղ է ստանալ հոր ավանդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս՝ Վիլսոն Մկրտիչի Գրիգորյանը ( ծնվ. 1927 թվականի նոյեմբերի 30), ունեցել է ավանդ: Ուզում եմ իմանալ՝ որպես ժառանգորդ ես կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:

Արմինե Գրիգորյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ա. Գրիգորյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ավանդատուի տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե ավանդատուն մահացել է:
Ելնելով վերոգրյալից՝ Վիլսոն Գրիգորյանը, որպես ժառանգորդ, չի կարող հաշվառվել ավանդների փոխհատուցման ծրագրում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավանդների փոխհատուցման նպատակով տրամադրել է շուրջ 1,5 միլիարդ դրամ, որի կեսը, դարձյալ կառավարության որոշմամբ, տրամադրվել է տարեց ավանդատուներին, մյուս կեսը՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին եւ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանց: Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Ավելացնենք նաեւ, որ ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:




Լրահոս