Ընտրությունների օրը կփոխվի՞. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու որոշումը մինչ օրս տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Քաղաքական որոշ ուժեր նշում են, որ դա հակասահմանադրական է, բացի այդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու փոխարեն քաղաքական գործընթացի իրականացումը հենց այդ օրը նաեւ բարոյական առումով է խնդրահարույց:

Ի վերջո, ի՞նչ որոշվեց՝ փոխվելո՞ւ է ընտրությունների օրը, թե՞, այնուամենայնիվ, այն կմնա անփոփոխ: Եթե մի քանի օր անց իշխանությունները մտքափոխվեն, եւ հետաձգվի ընտրությունների օրը, արդյո՞ք կհետաձգվի նաեւ խորհրդարանական ընտրություններին հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների օրը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարո՛ն Մուկուչյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու են ընտրությունները նշանակվել ապրիլի 2-ին, բայց այդպես էլ վերջնականապես չհստակեցվեց՝ արդյո՞ք Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո կփոխվի ընտրությունների օրը:

-Ո՛չ, օրը ոնց կա, նույնն է մնացել: Օրը նշանակված է, եւ այդ օրվան համապատասխան հաստատվել է ժամանակացույց, իրականացվում են գործառույթներ: Այս պահին հրամանագրով նշանակված է ապրիլի 2-ին:

Բայց հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չի լինի, եթե մի քանի օրով հետաձգվի ընտրության օրը: Ենթադրվում էր, որ այս հարցը կվերանայվի եւ նոր օր կնշանակվի …

-Ո՛չ, այնտեղ նշված էր, որ կարող է հետաձգվել այն դեպքում, եթե գործընթացին մասնակից կուսակցություններով որոշվեր: Այս պահի դրությամբ բնական է՝ մեզ մոտ առաջադրումների ժամկետ չի սկսվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող ասել, թե որ քաղաքական ուժերն են ներկայացվել՝ մասնակցելու ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա այն նշանակված է ապրիլի 2-ին: Այս պահին սա է:

Որոշ կուսակցություններ վստահեցնում են, որ այդ որոշումը հակասահմանադրական է: Ի՞նչ կասեք այս պնդմանն ի պատասխան:

-Որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք հիմք ենք ընդունում սահմանված օրը եւ դրան համապատասխան էլ մշակել ենք մեր ժամանակացույցը: Մնացածն արդեն մեր տիրույթի խնդիր չի հանդիսանում:

Իսկ եթե որոշվի տեղափոխել օրը, ապա խորհրդարանական ընտրությունների հետաձգումը չի՞ խանգարի Երեւանի ավագանու ընտրություններին: Հնարավո՞ր է՝ այդ պարագայում դա էլ փոխվի:

-Ո՛չ, ըստ էության այդ օրն արդեն ֆիսքված է: Այդ օրվա փոփոխության առումով այս պահի դրությամբ չենք կարող ասել: Նշեմ, որ դրա որոշման մեխանիզմն օրենսգրքով ամրագրված է:

Սակայն եթե տեղափոխվի խորհրդարանական ընտրությունների օրը, ապա Երեւանի ավագանու ընտրություններին նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակահատված կմնա: Առանց այդ էլ ի սկզբանե ժամանակը քիչ էր:

-Միանշանակ ակնհայտ է, որ եթե երկու ընտրությունների քվեարկության օրերը մոտենում են, ապա, իհարկե, տարբեր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ քվեարկության օրը, կարող են ունենալ ժամկետային համընկնումներ:

-Վերջերս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նոր անդամներ նշանակվեցին, որոշները դուրս եկան: Պարո՛ն Մուկուչյան, քանի՞ հոգու փոփոխություն եղավ:

-Նրանց լիազորություններն ընդհանուր դադարեցվել են, հայտարարվել է մրցույթ, ներկայացրել են փաստաթղթեր: Մի մասը ներկայացվել է նոր քաղաքացիների կողմից, մի մասը` նրանց կողմից, ովքեր նախկինում ընդգրկված եղել են: Եվ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան իրականացվել են նշանակումները: Ասել, թե քանիսը փոխվեցին, քանիսը` ոչ, դժվար է, առավել եւս քննություն` որպես այդպիսին, չի եղել եւ չի էլ նախատեսված, հետեւաբար հաշվարկ չի արվել:

Տեսակետներ կային, որ շատերը մարզերում իրենց վստահելի մարդկանց օժանդակել են, որ հայտնվեն ընտրական հանձնաժողովներում, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանան աջակցել:

-Որոշումը հրապարակված է, եւ ինքներդ կտեսնեք, որ բազմաթիվ տեղեր, բազմաթիվ ընտրատարածքներում մենք ունեցել ենք առաջադրված ճիշտ այնքան քաղաքացիներ, ինչքան ընտրատարածքային հանձնաժողովի անդամների թվաքանակն է: Բազմաթիվ տեղեր նույնիսկ չեն եղել ավելորդ դիմումներ, որոնք հնարավորություն կտային ավելի մեծ ընտրանքից ընտրություն իրականացնել:

Վահագն Հակոբյան




Լրահոս