Համաշխարհային բանկը երեկ հրապարակել է «Առեւտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում 2016թ» զեկույցը, որտեղ դիտարկված 160 երկրների շարքում ՀՀ-ը զբաղեցնում է 141-րդ տեղը։ Ասել է թե՝ մեր երկիրը վերջից առաջին քսանյակում է: 2007թ-ից ՀԲ-ի կողմից դիտարկվող լոգիստիկայի վարկանիշը հաշվարկվում է բիզնեսի ներկայացուցիչների հարցումների հիման վրա՝ ըստ կոնկրետ ոլորտների ցուցանիշների՝ մաքսային ծառայություններ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, բեռների տեղափոխման վերահսկման համակարգ, միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում, ապրանքների` ժամանակին առաքում եւ այլն: Եվ ահա, ինչպես եւ այլ բազմաթիվ ուղղություններով, այս դեպքում եւս Հայաստանն իր դիրքերը զգալիորեն վատթարացրել է: Օրինակ՝ եթե 2012թ-ին դիտարկված 155 երկրների շարքում ՀՀ-ը 100-րդ տեղում էր, ապա ընդամենը 4 տարվա ընթացքում հետընթաց է արձանագրել ամբողջ 40 տեղով: Ընդ որում, ուշագրավ է, որ ամենամեծ անկումը գրանցվել է մաքսային գործառույթների ոլորտում. եթե 2014թ. այս ցուցանիշով Հայաստանը 75-րդ տեղում էր, ապա 2016-ին արդեն՝ 148-րդ տեղում։
Ասել է թե՝ լոգիստիկայի ընդհանուր վարկանիշի վատթարացման հարցում ի թիվս գլոբալ խնդիրների՝ ինչպիսիք են ՀՀ սահմանների շրջափակումն ու դրանով պայմանավորված՝ տարանցիկ մայրուղիների եւ երկաթուղիների բացակայությունը, կարեւոր դեր ունեն այնպիսի խոչընդոտներ, որոնք կապված են բացառապես վատ կառավարման հետ: Կարծում ենք՝ այս ցուցանիշը պետք է որ դառնա վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հատուկ ուշադրության առարկան:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող մայրուղիներին եւ դրանցով բեռնափոխադրումների ապահովմանը, ապա այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են եւ դժվար լուծելի: Մասնավորապես Հյուսիս-հարավ՝ այդքան տարփողված ճանապարհը, որի շինարարության վրա պետությունն ի սկզբանե սահմանվածից մի քանի անգամ ավելի վարկային միջոցներ ներդրեց, կոչված էր էապես բարելավելու Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները: Սակայն ինչպես հայտնի է՝ Հյուսիս-հարավի շինարարության ավարտը դեռ չի երեւում, իսկ վերջերս էլ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարն առհասարակ հարցականի տակ դրեց ճանապարհի կառուցման արդյունավետությունը:
Հայաստանի լոգիստիկ հնարավորությունների մեծացմանը նպաստող հաջորդ կարեւոր ծրագիրը կարող էր լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որի կառուցման հեռանկարները եւս այս տարի ավելի անորոշ դարձան: Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. աշնանը Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարեց, թե մի քանի ամսից երկաթուղու շինարարությունը սկսվելու է: Հունվարի 12-ին, սակայն, լուծարվեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը 2009թ․ ստեղծվել էր՝ կյանքի կոչելու Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը։