ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անփութություն էլ եղած կլինի, ոչ մի արդարացում չունի. Խաչատուր Քոքոբելյանը` զինգրքույկներում հայտնաբերված թերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները կքննարկեն ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը: Ինչպես հայտնի է՝ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նշումից հետո ջնջված են:

Հիշեցնենք, որ խնդրի շուրջ պարզաբանում տարածեց նաեւ ԼՂՀ պաշտպանական բանակը՝ նշելով, որ կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության: Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, այդպես էլ չմանրամասնվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կատարվածից հետո ԼՂՀ մի շարք զորամասերում ստուգումներ են սկսվել, որպեսզի, ըստ էության, բացառվի ծանոթ-բարեկամի միջոցով կնիք դնելը այն զինվորների գրքույկներում, որոնք ապրիլյան դեպքերին մասնակից չեն եղել: Ավելին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ծառայողական քննություն է, որի արդյունքում ԼՂՀ ՊԲ որոշ զորամասի հրամանատարներ ընդամենը նկատողություններ են ստացել:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը կիսվեց իր տեսակետով:

-Պարո՛ն Քոքոբելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք քառօրյա պատերազի մասնակից զինվորների զինգրքույկների գրառումների շուրջ ստեղծված աղմուկը:

-Ես ինքս պատրաստվում եմ հանձնաժողովում այդ հարցը բարձրացնել: Իմ կարծիքով՝ իրողություն է այս պահին, որ գրքույկներում այդ կնիքը չի խփվել, ու կան ակնհայտ դեպքեր ու փաստեր: Անգամ մեկ փաստը կարելի է համարել բացթողում: Ավելին՝ դա չեմ համարի բացթողում, այլ բառիս բուն իմաստով՝ պաշտոնական անփութություն: Կարծում եմ, որ մինչեւ այս պետք է լինեին գոնե մարդիկ, որոնք պատասխանատվության են ենթարկվել այդ ամենի համար, ինչը այսօր չենք տեսնում: Հայտարարությունները այսօր ոչինչ չեն տալիս, քանի որ դրանք միայն քաղաքական հայտարարություներ են: Իրավական գործընթաց է պետք սկսել:

-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը, զինվորներին ինչ-ինչ արտոնություններից զրկե՞լ, թե՞ այլ խնդիր կա:

-Չեմ ցանկանում գնալ այլ տեղեր եւ ուզենալ այլ նպատակներից խոսել, քանի որ նույնիսկ չեմ բացառում, որ անփութություն էլ եղած կլինի, բայց դա ոչ մի արդարացում չունի, եւ ավելի վատ է, որ անփութություն է եղել: Նման հարցերում նման անփութություն, որ բերում է մեզ նման վիճակի, դա նաեւ առնչվում է մարտունակությանը եւ մարդկանց մոտիվացիային, անթույլատրելի եմ համարում: Սա շատ ծանր հանցանք է: Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել եւ ինչ-որ բան ասել, բայց եթե առաջիկայում շատ հստակ հրամաններ, իրավական գործառույթներ չլինեն, ապա մենք մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու: Ես՝ որպես հանձնաժողովի անդամ, որպես ԱԺ պատգամավոր, հետամուտ կլինեմ, որ խնդիրը մինչեւ վերջ լուծվի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս