Բանակն այնպիսի բան է, որ առանց պատասխանատվության չի լինի. Սեյրան Սարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները կքննարկեն ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը: Ինչպես հայտնի է՝ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նշումից հետո ջնջված են:

Հիշեցնենք, որ խնդրի շուրջ պարզաբանում տարածեց նաեւ ԼՂՀ պաշտպանական բանակը՝ նշելով, որ կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության: Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, այդպես էլ չմանրամասնվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կատարվածից հետո ԼՂՀ մի շարք զորամասերում ստուգումներ են սկսվել, որպեսզի, ըստ էության, բացառվի ծանոթ-բարեկամի միջոցով կնիք դնելը այն զինվորների գրքույկներում, որոնք ապրիլյան դեպքերին մասնակից չեն եղել: Ավելին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ծառայողական քննություն է, որի արդյունքում ԼՂՀ ՊԲ որոշ զորամասի հրամանատարներ ընդամենը նկատողություններ են ստացել:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Սեյրան Սարոյանի հետ:

-Պարո՛ն Սարոյան, տեղյա՞կ եք, որ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ արդեն զորացրվում են, սակայն նրանց զինգրքույկներում ռազմական գործողություններին մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով:

-Մարդ են, կարող է՝ շեղվել են, թե չէ այդ կնիք …

-Չեն շեղվել, այլ հստակ գրել են, որ անվավեր է: Ի՞նչ նպատակ է հետապնդում, մի՞թե զինվորին այդպես են գնահատում, ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար:

-Կտան, բոլորն էլ կտան, բանակն այնպիսի բան է, որ բոլորն էլ կտան, առանց պատասխանատվության չի լինի:

Քնար Մանուկյան




Լրահոս