«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի երգի խոսքերի հեղինակ, «Հյուսիս-հարավ» ֆիլմի սաունդթրեքի կատարող Գրիգոր Կյոկչյանն իր մասնակցությունն է ունեցել հերթական հեռուստանախագծում: Հենց նրա հեղինակած երաժշտությունն է հնչում «Գնված երջանկություն» 20 մասանոց ֆիլմի ընթացքում («Արմենիա Պրեմիում»): Ի դեպ, Գրիգորն էլ կատարում է երգը: «Սա առաջին անգամ է, որ իմ գրած երաժշտությունը մոդիֆիկացվել է եւ օգտագործվել ողջ ֆիլմի ընթացքում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում 2015-ին Հայաստանը ներկայացրած երգիչը ուրախությամբ տեղեկացրեց, որ միջազգային մրցույթի մասնակցելու նոր հրավեր ունի. ««Նոր ալիք»-ից հետո ինձ տեսել ու հրավիրել են մասնակցելու «Ղրիմի ձայնը» մրցույթին, որը կազմակերպվում է առաջին անգամ: Այսինքն` որեւէ քասթինգ չի եղել, այլ պարզապես հրավեր: Մրցույթին կներկայանան 15 երկրների մասնակիցներ: Քանի որ «Ղրիմի ձայնը» իր առաջին փորձերն է անում, չէի ցանկանա, այսպես ասած, փորձարկման զոհ գնալ: Ուստի ուզում եմ հասկանալ` որքանով է մրցույթը լուրջ: Չնայած չեմ կարծում, որ եթե այն լուրջ չլիներ, ամերիկացի երգիչ Բեյբիֆեյսը (Babyface) համաձայներ դառնալ միջազգային ժյուրիի 5 անդամներից մեկը: Մրցույթում հաղթելու դեպքում մասնակցին հնարավորություն կտրվի ձայնագրվել Նյու Յորքի հայտնի Platinum Studio-ում: Կարծում եմ` լավ հնարավորություն է, հիմա պետք է հասկանամ` արժի երկու ամիս շարունակ բոլոր ռեսուրսներն ուղղել այդ կողմ, թե ոչ»,-մեկնաբանեց Գրիգորը:
Մեր զրուցակիցը հավելեց, որ շարունակում է երգեր գրել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Վերջին համագործակցություններից մեկն էլ եղել է Արփի Գաբրիելյանի հետ, ով, Գրիգորի խոսքով, կշարունակի երգչուհու կարիերան:
Բացի այդ` երգիչը նշեց, որ երկու ամիս անց հանդիսատեսի դատին կներկայացնի իր համար շատ կարեւոր մի տեսահոլովակ. «Հնարավոր է` այն նկարահանված լինի դուետի հիման վրա: Այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի»,-եզրափակեց Գրիգորը:
Աննա Բաբաջանյան