Մինչ Հայաստանին հասցվում է հերթական շառաչուն ապտակը, ԱԱԽ նիստում քննարկում են ընթացիկ հարցեր և տարեկան անելիքներ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օրակարգի շրջանակներում քննարկվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը եւ ընթացիկ հարցեր:

Այսպիսով՝ մինչ Հայաստանին հասցվում է հերթական շառաչուն ապտակը՝ ի դեմս ՀԱՊԿ-ում ՀՀ դաշնակից Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնման, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում քննարկում են ընթացիկ հարցեր եւ տարեկան անելիքներ: Ուշագրավ է, որ ամեն անգամ, երբ ՀՀ-ում որեւէ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես հրավիրվում է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շուրջ, սակայն, պաշտոնական հաղորդագրություններում շարքային, ոչինչ չասող հարցեր են նշվում: Այդպես էր նաեւ անցած տարի՝ ապրիլյան իրադարձություններից, ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո հրավիրված ԱԱԽ նիստերի դեպքում:

Թեեւ իրականում այդպես ավելի լավ է. գոնե այդ մակարդակով շոուներ չեն հրամցվում հանրությանը: Մանավանդ որ հանրությունը դեռ չի մոռացել մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հաջորդ օրը հրավիրված ԱԱԽ նիստը, որը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ուղիղ էր հեռարձակվում: Դժվար է մոռանալ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունը՝ ուղղված ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Գորիկ Գուրգենիչին եւ դրա հետ կապված հանրային սպասումները: Թե ինչ եղավ դրանից հետո, թե ինչ քայլեր ձեռնարկեց հայ ժողովրդին նման խայտառակության փաստի առաջ կանգնեցրած Հայաստանի իշխանությունը, հայտնի է բոլորին: Եվ, թերեւս, հենց այդ «հատուկ հանձնարարության» զրոյական կատարողականն է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը սաֆարովյան լկտիությունից հետո նախաձեռնեց եւ հաջողությամբ իրագործեց Լապշինի արտահանձնման գործընթացը:

Եվ այսքանից հետո զարմանալի է, թե ինչ երեսով է իրեն ոչ թե «ճառ ասող, այլ զանգ կախող» համարող ՀՀ արտգործնախարարը Աժ ամբիոնից խոսում այն մասին, թե Լապշինի հետ կատարվածից ում վարկանիշը անկում կապրի:

Նկատենք, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում ՀՀ դաշնակից համարվող Բելառուսի իշխանությունները երեկ, ըստ էության, շատ ավելի կոշտ կերպով արձագանքեցին Երեւանի մեղադրանքներին, քան անգամ Սաֆարովին արտահանձնած Հունգարիան, որի հետ Հայաստանն առանձնապես սերտ հարաբերություններ չուներ: Եվ սրան ի պատասխան՝ Երեւանն անգամ Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու կամ նոտա հղելու մակարդակով ի ցույց չի դնում իր դժգոհությունը: Այսքանից հետո Սերժ Սարգսյանն իր իսկ բառապաշարով ասած՝ ԱԱԽ նիստ է հրավիրում, որ ինչ անի:




Լրահոս