Վանաձորում երեկ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել երբեմնի «Վանաձոր քիմպրոմ»-ի կազմում գտնվող «Ռէջիոն Էներջի» ընկերության աշխատակիցները, ովքեր պահանջում են դեռեւս 2011 թվականին իրենց չվճարված 4 ամսվա աշխատավարձը:
Աշխատակիցները, որոնց թիվն անցնում էր 30-ը, նշել են, որ 2011 թվականից մինչ օրս իրենք պայքարում են 4 ամսվա աշխատավարձի համար, սակայն ապարդյուն: Աշխատավարձ չստացած աշխատակիցներին գործարանը ընդհանուր առմամբ պարտք է 100 մլն-ից ավելի գումար, որից միայն մայր գումարը կազմում է 65 մլն դրամ, մնացած մասը տույժ տուգանքներն են: Աշխատակիցները գործարանից նաեւ վերջնահաշվարկ են պահանջում:
Դեռ տարիներ առաջ «Ռէջիոն Էներջի» ընկերության աշխատակիցները դիմել են դատարան: Արդյունքում դատարանը բավարարել է աշխատակիցների հայցը ու պարտավորեցրել գործարանին վճարել աշխատակիցների պարտքը: Սակայն անգամ դատարանի վճռից հետո որոշումը ի կատար չի ածվել մինչ օրս: Ու չնայած մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կարգավորեց քիմպրոմցիների հարցն ու մարեց նրանց պարտքերը, սակայն ՋԷԿ-ի աշխատակիցներն այդպես էլ մնացին օդում կախված:
Է. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր