ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են նաեւ քաղծառայողները: Արդյոք ընտրական գործընթացներում նրանց ներգրավվածությունը չի խաթարի պետական գերատեսչությունների բնականոն աշխատանքը: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ:

-Պարո՛ն Բադալյան, մեր տեղեկություններով՝ քաղծառայողները ներգրավված են նախընտրական գործընթացներում: Ավելին՝ նրանք մասնակցում են ընտրական հանձնաժողովների անդամների քննություններին: Արդյո՞ք դա օրենքով թույլատրված է:
-Այո՛, հանրային ծառայողներին թույլատրվում է մասնակցել հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու գործընթացին: Թույլատրվում է նաեւ այդ դասընթացներին մասնակցություն ունենալ:
-Կնշե՞ք, թե իրավական ո՞ր նորմի համաձայն հանրային ծառայողները կարող են ներգրավվել ընտրական գործընթացներում:
-Դա սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքով: Հայտնի է, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին սպասարկող սարքավորումներ են տեղադրվելու նաեւ ընտրությունները վերահսկելու համար: Հետեւաբար հանրային ծառայողները ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածով որպես մասնագետներ կարող են ներգրավվել ընտրական այդ գործընթացներում:
-Իսկ մի՞թե դա չի խանգարելու նրանց անմիջական աշխատանքին: Արդյո՞ք ընտրական գործընթացներում ներգրավված քաղծառայողները կհասցնեն միաժամանակ արդյունավետ աշխատել:
-Դա մեկօրյա աշխատանք է լինելու՝ ընտրության օրը միայն, եւ դա ոչնչով նրանց աշխատանքին չի խանգարի:
-Բայց չէ որ մինչեւ խորհրդարանական ընտրությունների օրը նրանք մասնակցելու են դասընթացներին եւ քննություններին: Այդ ամենն իրենց աշխատանքային ժամերի՞ն են իրականացնելու, թե՞ ոչ:
-Բնականաբար, ոչ: Իրենց մասնակցությունը ոչնչով չպետք է խոչընդոտի կամ խանգարի իրենց աշխատանքներին: Ավելին ասեմ՝ եթե կլինեն հանրային ծառայողներ, որոնք որպես պատգամավորության թեկնածուներ կառաջադրվեն, ապա իրենց գործունեությունը այդ ընթացքում կկասեցվի: Իսկ ընդհանրապես հանրային ծառայողների՝ քարոզչությանը մասնակցությունն օրենքով է սահմանափակված. իրենք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում իրավունք չունեն զբաղվել քարոզչությամբ եւ նախընտրական գործունեությամբ:
-Իսկ դա ո՞ւմ կողմից է վերահսկվելու:
-Դա վերահսկելը, բնականաբար, որեւէ կոնկրետ մարմնի կողմից սահմանված չէ: Քանի որ օրենքը արգելում է. եթե քաղաքացիական ծառայողը, օրենքի տառը խախտելով, պետք է ներգրավվի որեւէ ընտրական գործընթացում, ապա դա նախ պետք է վերահսկվի կոնկրետ իր ղեկավարի կողմից:
-Պարո՛ն Բադալյան, «Ժողովուրդ»-ի կոպիտ հաշվարկներով՝ 2016 թվականի մի զգալի մասը՝ ավելի քան 3 ամիս, գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները չեն աշխատել: ՀՅԴ-ՀՀԿ ձեւավորվող կոալիցիա, որն իր հետ բերեց պաշտոնանկություններ, նոր նշանակումներ, հետեւաբար՝ նոր աշխատելաոճ, ապրիլյան քառօրյա պատերազմ, «Սասնա ծռերի» կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավում, ապա նոր կառավարության ձեւավորում: Այս ամենի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում ակամա ոչ աշխատանքային մթնոլորտ էր: Ինչի արդյունքում, բնականաբար, տուժել է երկրի տնտեսությունը…
-Օրինակ՝ մի գերատեսչություն էլ մերն է, բայց վայրկյան անգամ չի խաթարվել մեր մարմնի գործունեությունը, եւ վայրկյան անգամ չի տուժել որեւէ գործընթաց: Դա յուրաքանչյուր առանձին մարմնի խնդիրն է, եւ յուրաքանչյուր մարմին իր ղեկավարների կողմից պետք է ապահովի իր բնականոն գործունեությունը: Մեր բոլորի խնդիրն այն է, որ հանրային ծառայողները գիտակցեն, որ անկախ նրանից ղեկավարի փոփոխություն կլինի, թե ոչ, իրենք պետք է իրենց մասնագիտական գործունեությունը արդյունավետ իրականացնեն: Ես Ձեր հարցին պատասխանեցի մեր խորհրդի օրինակով, որպես մեկ գերատեսչություն, որը ողջ ընթացքում իր նպաստը մեր պետության հանդեպ բնականոն, որոշակի իրավասությունների, լիազորությունների շրջանակում կատարել է:
-Իսկ ընտրական այս գործընթացներին Դուք մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ: Հնարավո՞ր է՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվեք:
-Ո՛չ, այս պահին նման հարց չկա օրակարգում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղն ունի 389 բնակիչ: Գյուղը Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 1500մ է հեռու: 1990-ական թվականների հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի ժամանակ Կիրանցի բնակիչները խիզախություն եւ հերոսություն ցուցաբերեցին՝ անձնազոհ կերպով կրելով պատերազմի դժվարությունները: Փոքր գյուղից 1988-1994թթ. զոհվել է 16 մարդ, վիրավորվել, հաշմանդամ է դարձել 7-ը:

Կիրանցը Հայաստանի սահմանամերձ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղից քիչ արտագաղթ է եղել, ավելին՝ վերջին 10-15 տարում գյուղի բնակչությունն աճել է: Սակայն սահմանամերձ բնակավայրում ապրող երիտասարդ 15 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի: Այդ ընտանիքները չեն ցանկանում հայրենի գյուղը լքել, նույն հարկի տակ բնակվում են իրենց հարազատների հետ կենցաղային դժվարին պայմաններում: Երկու-երեք եղբայրները ամուսնանալով՝ բնակվում են հայրական հարկի ներքո, ամեն ընտանիք՝ տան մեկ սենյակում: Երիտասարդ ընտանիքներում երեխաներ են ծնվում, մեծանում, նույն հարկի տակ մի քանի ընտանիքների, տարբեր սերունդների կեցությունն ավելի է դժվարանում: Կիրանցի բնակիչները աշխատանք գտնելու հարցում մեծ ընտրություն չունեն, նրանք սահման պահող պայմանագրային զինծառայող են կամ էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում: Նրանց ստացած ոչ մեծ եկամուտները հազիվ բավարարում են իրենց ընտանիքները պահելու, նաեւ բանկերում, վարկային տարբեր կազմակերպություններում ունեցած վարկերը փակելու, բայց ոչ՝ տուն կառուցելու համար: Կիրանցում երիտասարդներ կան, ովքեր երկար ժամանակ է, ինչ նշանադրված են, սակայն չեն կարողանում ամուսնանալ, հարս բերել, քանի որ իրենց տանը նորաստեղծ ընտանիքի բնակության համար տարածք չկա: Կիրանցի նախկին գյուղապետ Հմայակ Նազարյանը դիմել է կառավարություն, որպեսզի հարցի լուծմանն աջակցություն ցուցաբերվի: Խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ բարեգործների ֆինանսական միջոցներով Կիրանցի երիտասարդ, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար գյուղում ոչ մեծ քոթեջներ կառուցվեն: Կիրանցի երիտասարդ ընտանիքների կացարանի հարցը կարող է լուծվել նաեւ գյուղի դպրոցի խարխուլ շենքի փոխարեն նոր շենք կառուցելուց հետո: Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովրդին» հայտնեց, որ պետական բյուջեի միջոցներով Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի: Իսկ ներկայիս շենքը հիմնանորոգվելուց հետո կարող է որպես կացարան տրվել բնակարանի կարիք ունեցող 15 երիտասարդ ընտանիքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼ
Երեկ, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր գերատեսչությունների ղեկավարների մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես անդրադառնալով կրթական ոլորտին՝ նա նշել է, որ անհնար է ապահովել որակյալ կրթական համակարգ՝ առանց բարձրորակ ուսուցիչների եւ որակյալ կրթական ծրագրերի: «Ունենք ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ պրոցես, որ ուսուցիչները միայն ֆիզիկապես են ներկա լինում: Ունենք դասագրքերի որակի եւ բովանդակության խնդիր, որի մասին խոսում են աշակերտների ծնողներն ու ուսուցիչները»,- ընդգծել է Կ. Կարապետյանը՝ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարելով մեկամսյա ժամկետում մշակել կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների ծրագիր:

 

 

ԱՆՀԱՐԿԻ ՉՄԻՋԱՄՏԵԼ
Կառավարության երեկվա նիստում անդրադառնալով երկրում բիզնես միջավայրի առողջացման խնդրին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է պետական մարմինների կողմից նպաստավոր պայմանների ստեղծումը: Ըստ նրա՝ այնպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը: Կ. Կարապետյանը կարեւորել է նաեւ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը՝ ուղղված քրեական օրենսգրքով նախատեսված հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարներից չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանը: «Հաշվի առնելով գործարարության զարգացմանն ու խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկում եմ ՀՀ իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակներում հայեցողական լիազորություններ իրականացնելիս հնարավորինս խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում»,- ասել է վարչապետը:

 

 

ԱՆԲԱՎԱՐԱՐ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ
Երեկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են եղել Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Սարավան-Զանգեր եւ Կապս-Ամասիա ճանապարհահատվածները եւս դժվարանցանելի են բքի պատճառով: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս