ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՍՏԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը շարունակում է խստացնել ԵՏՄ անդամ երկրներից ներգաղթյալների աշխատանքային պայմանները: ՌԴ ՆԳ նախարարությունն օրինագիծ է մշակել, ըստ որի՝ ՌԴ-ում աշխատել ցանկացողները պետք է պարտադիր աշխատանքային պայմանագրեր ունենան, հակառակ դեպքում կա՛մ կարտաքսվեն, կա՛մ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ իշխանությունները խստացնում են միգրացիոն կարգը խախտելու համար նախատեսված պատիժը: 2011թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր խստացնել օտարերկրացիների գրանցման կարգը եւ ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն սահմանել օրենսդրությունը խախտելու համար, 2013թ. տարեվերջյան ուղերձի ժամանակ էլ նա հայտարարել էր, թե ՌԴ-ն 10 տարով կարգելի այն օտարերկրացիների մուտքն իրենց երկիր, որոնք կխախտեն միգրացիոն օրենքները: Իսկ արդեն 2015թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՌԴ միգրացիոն օրենսդրության հերթական խստացումը, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 180 օրվա ընթացքում 90 օրից ավելի կմնան ՌԴ-ում, ենթակա են արտաքսման, իսկ շատ ավելի երկար մնալու դեպքում՝ անգամ ազատազրկման: Այդ փոփոխություններից հետո մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիներ հայտնվել էին արտաքսման վտանգի առաջ, եւ որոշ ժամանակ անց տասնյակ-հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ իրոք արտաքսվեցին: Փաստորեն, բավական չէ՝ մարդիկ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելու նպատակով արտագնա աշխատանքի են մեկնել մեր ռազմավարական գործընկեր երկիր, հիմա էլ հայտնվել են լուրջ խնդիրների, ընդհուպ մինչեւ արտաքսման վտանգի առաջ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ԵՏՄ-ում զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, ըստ էության ոչինչ չի անում աղքատության ճիրաններից փախած եւ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Չի անում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ անգամ Ռուսաստանի շահերից ելնելով՝ որպես ԵՏՄ շրջանակներում գործընկեր երկրների: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

 

 

 
Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռեւս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձեւավորվում, խոստումներ շռայլվում եւ պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը: Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի ցուցակում, որը գլխավորելու է անձամբ Հրանտ Բագրատյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ՝ թերեւս ԱԺ մտնելու շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քոքոբելյանին, որը, սակայն, հերքեց հանդիպման մասին լուրը. «Անհեթեթություն է, եւ նախընտրական կամպանիային բնորոշ սեւ PR-ի էլեմենտ եմ տեսնում դրա մեջ»,- ասաց նա:

 

 

 
Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխությունների նոր նախագիծը: Բանն այն է, որ մինչեւ հիմա Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով երեք հանձնաժողովներ կան, որոնք, սակայն, ըստ նախարարի՝ արդյունավետ չեն գործում, եւ կալանավայրերի գերհագեցվածության խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Բանտապետերը «ներման հանձնաժողովի» անդամների հետ համագործակցելով՝ ինքնաբերաբար մերժում են բոլոր տիպի դատապարտյալների դիմումները՝ նրանց վաղաժամ ազատ չարձակելով, կամ հաճախ ազատվում են «վերաբերմունք ցույց տվողները»: Հիմա նոր նախագծով անկախ հանձնաժողովում այլեւս ընդգրկված չեն լինելու ուժային կառույցի անդամներ: Մինչ այդ, հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովները ղեկավարել են ոստիկանապետի երեք տեղակալները՝ Հունան Պողոսյանը, Անուբախ Համբարյանը եւ Գագիկ Համբարձումյանը:

 

 

 
ՀՀ վերահսկիչ պալատը ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում լուրջ խախտումներ էր հայտնաբերել: Մասնավորապես այդ ԾԻԳ-ը վարկային եւ բյուջետային միջոցները ծախսել է ոչ նպատակային՝ անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելով շուկայականից բավական բարձր գներով: Մինչդեռ, ըստ ՎՊ-ի, եթե ԾԻԳ-ը խմբաքանակները ձեւավորեր այլ սկզբունքով` ըստ առանձին անուն ապրանքների կամ ըստ իրար փոխլրացնող ապրանքների, ապա հնարավոր էր տնտեսել շուրջ 200 մլն դրամ: Ի դեպ, այս խախտումները կատարվել էին ԾԻԳ-ի նախկին տնօրեն Հասմիկ Ղազարյանի պաշտոնավարման տարիներին, եւ այդ բացահայտումներից հետո ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան աշխատանքից ազատել էր: Պարզվում է՝ ՎՊ այս բացահայտումներից հետո նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրություններ են սկսվել, եւ արդեն քրեական գործ է հարուցվել:

 

 

 
ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Այսպիսով՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի կողմից հոր՝ Հեյդարի անվան ոսկյա լանջամեդալը ստանալուց եւ հրապարակավ «ես դրա համար վարձահատույց կլինեմ» հայտարարելուց հետո Լուկաշենկոն քայլ առ քայլ կատարում է իր խոստումը եւ Իլհամին հաճոյանալու համար նաեւ այս առիթը բաց չի թողնում: Իսկ առիթն այդ, իրականում, բավականին կարեւոր է եւ շատ լուրջ բացասական հետեւանքներով հղի նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի համար: Բանն այն է, որ Լապշինի արտահանձնումը կդառնա շատ վատ նախադեպ եւ կունենա կանխարգելիչ նշանակություն՝ ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների սահմանած արգելքի՝ Ղարաբաղ այցելությունների համար: Եթե մինչ այս Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ Արցախ այցելող գործիչներին «սեւ ցուցակում» ընդգրկելը առանձնապես չէր մտահոգում այդ գործիչներին /նրանց թիվը կազմում է 623/, ապա Լապշինի նախադեպից հետո օտարերկրյա դիվանագետները, լրագրողներն ու արտիստները կսկսեն խուսափել Արցախ այցելելուց, քանի որ դա այլեւս կարող է նրանց համար վտանգավոր դառնալ:
Այսուհետ, փաստորեն, նրանք չեն կարող երաշխավորված լինել, որ մի օր էլ իրենց որեւէ «իքս» երկրում չեն ձերբակալի եւ Ադրբեջանին հանձնի: Ի վերջո, չի բացառվում, որ առաջիկայում Բելառուսի օրինակին հետեւեն Թուրքիան, Պակիստանը կամ այլ իսլամական երկրներ: Եվ այս առումով պետք է ընդունել, որ Լապշինի հետ կապված Բաքվի այս օպերացիան շատ լավ հաշվարկված էր եւ հեռահար նպատակներ հետապնդող: Չմոռանանք, որ խոսքը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացու մասին է /Լապշինը նաեւ Ուկրաինայի քաղաքացի է, թեեւ վերջինս այս կապակցությամբ քար լռություն է պահպանում/, եւ Լապշինին «ստանալուց» հետո Ադրբեջանը, բնականաբար, կսկսի առեւտուրը նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի հետ իրենց քաղաքացուն վերադարձնելու շուրջ:
Իսկ ինչ է անում այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, ինչ է անում Բելառուսում ՀՀ դեսպանը: Առայժմ բացի ԱԳՆ-ի մի քանի հայտարարություններից եւ ՀՀ փաստաբանների պալատի նամակագրությունից՝ այլ քայլեր չեն երեւում: Բնականաբար, այս դեպքում էլ Նալբանդյանի սիրած բացատրությամբ, թե իրենք ճառ ասող չեն, զանգ կախող են, մեզ ԱԳՆ-ից կհակադարձեն, թե ամեն ինչի մասին չէ, որ պիտի բարձրաձայնեն: Այս դեպքում, սակայն, նման պատճառաբանությունն ուղղակի ծիծաղելի կհնչի, քանի որ սա հենց այն դեպքն է, երբ պետք է հնարավորինս շատ եւ ամենուր ճառեր ասել, բողոքի ցույցեր կազմակերպել, միջազգային բոլոր ամբիոններից աղաղակել, ի վերջո, պաշտոնական Մինսկին բողոքի նոտա հղել, միջազգային լրատվամիջոցներով արշավ սկսել /խոսքը բլոգերի մասին է/ եւ այլն:
Մինչդեռ մեր ԱԳն-ն, ինչպես միշտ, քնած է խորը եւ անվրդով քնով: Ի դեպ, ԼՂՀ ԱԳՆ-ն՝ նույնպես:




Լրահոս