Պոլսի պատրիարքարանի խորհրդի առաջնորդը հրաժարական է տվել Արամ Աթեշյանի պահվածքի պատճառո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական է տվել։ Ինչպես այսօր տեղեկացրել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր հրաժարականի մասին հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով։

Նա իր հայտարարության մեջ Արամ Աթեշյանին մեղադրել է ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունը արգելելու, ինչպես նաև այս տարվա Սուրբ Ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։ Մաշալյանը շեշտել է, թե Աթեշյանը խոստացել էր պատրիարքի ընտրությունների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին նախագահ Էրդողանն ասել է, թե պետք է սպասել հանրաքվեի ընտրություններից հետո։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջնիս մեզ հետ զրույցում ասաց, որ  մարտի առաջին օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողով, որին մասնակցելու է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ըստ նրա՝  այս առիթով անհրաժշետ  քննարկումները  տեղի կունենան ժողովին և Արամ Սրբազանը լուսաբանություններ կտա ժողովին, ինչպես նաև կատարվածի առթիվ կտեղեկացնի հասարակությանը:

Հավելենք, որ  Պոլսի հայ համայնքում խորը դժգոհություն կա Արամ Աթեշյանի պահվածքից, որին համարում են Թուրքիայի իշխանությունների խոնարհ ծառան։ Տեղի հայերը պնդում են, որ Աթեշյանը որեւէ կերպ չի արտահայտում համայնքի շահերը։ Հատկապես մեծ աղմուկ էր հանել 2016 թվականի հունիսին Թուրքիայի նախագահին Աթեշյանի հասցեագրած նամակը, որում նա նշել էր, թե հայ համայնքը ափսոսում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար եւ չի կիսում այդ տեսակետը։

Լիդա Եղիազարյան 




Լրահոս