«Երկաթյա գմբեթի» ոդիսականը. ի վերջո, այս համակարգը որքանո՞վ է վտանգավոր և արդյոք այն խոցելի է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին կոչ է արել ընդդիմանալ Ադրբեջանին իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին եւ դրանով իսկ ամերիկյան սարքավորումների եւ տեխնոլոգիաների փոխանցմանը երրորդ կողմին: «Այս վաճառքի համար կանաչ լույս վառելը կվտանգի այն ամենը, ինչ Ամերիկան եւ ԵԱՀԿ մեր գործընկերները արել են՝ նպաստելու խաղաղությանը եւ կանխարգելելու սպառազինության տարածումը՝ մեծացնելով վտանգը, որ արդիական տեխնոլոգիան թե՛ կապակայունացնի Կովկասը եւ թե՛ պոտենցիալ ձեւով ի վերջո կհայտնվի հակաամերիկյան երկրների ձեռքերում՝ Բելառուսից մինչեւ Հյուսիսային Կորեա»,- իր պահանջը հիմնավորել է Հայ դատի հանձնախումբը:

Նկատենք, որ «Երկաթյա գմբեթ» կոչվող հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին հայ հանրության լայն շերտերն առաջին անգամ լսեցին անցած տարի՝ հունիսի 5-ին Ստեփանակերտ այցելած Սամվել Բաբայանի հայտարարության արդյունքում: Ավելի ուշ՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Բաբայանը, որպես զինվորական, մանրամասն ներկայացրեց ռազմավարական վտանգները, որոնք այս պահին առկա են Հայաստանի եւ Արցախի համար՝ նշելով նաեւ Բաքվի կողմից Իսրայելից «Երկաթյա գմբեթի» ձեռք բերման արդեն իսկ իրագործված գործարքի մասին: Եվ ահա Բաբայանի այդ մտահոգություններին փաստարկված պատասխաններ ներկայացնելու փոխարեն նրա ներկայիս քաղաքական դաշնակից, իսկ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ենթակաները հայտարարեցին, թե Բաբայանի ներկայացրած վերլուծությունը եւ «Երկաթյա գմբեթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Ավելին՝ ՊՆ ռազմական փորձագետների խոսքով՝ «Երկաթյա գմբեթ» համակարգն այդքան վտանգավոր եւ անխոցելի չէ, ինչպես որ ներկայացվում էր Բաբայանի կողմից: Իսկ որոշ լրատվամիջոցներում եղան «փորձագիտական» հրապարակումներ, որոնց նպատակն էր ցույց տալ «կամանդույուշիի» ռազմագիտական ոչ պրոֆեսիոնալիզմը:

Անշուշտ՝ Բաբայանի պնդումները, թե Ադրբեջանն արդեն իսկ ձեռք է բերել այս գերժամանակակից համակարգի «4 դիվիզիոն», առայսօր հաստատված չեն: Ավելին՝ նաեւ Հայ դատի հանձնախմբի այս նախաձեռնությունը նկատի առնելով՝ կան հիմքեր ենթադրելու, որ «Երկաթե գմբեթի» ձեռքբերման գործընթացը, որի շուրջ համաձայնությունը ձեռք բերվեց անցած դեկտեմբերին՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի ընթացքում, հնարավոր է կանխել:

Այսօր սակայն հետաքրքիր է մեկ այլ բան. արդյոք Սեյրան Օհանյանի համար քաղաքական բանակցություններ վարող Սամվել Բաբայանն այս հարցի շուրջ իր մտահոգություններով կիսվել է պաշտպանության նախկին նախարարի հետ, որի հրահանգով ընդամենը մի քանի ամիս առաջ, ըստ էության, ծաղրի էին ենթարկում իր հայտարարությունները, այդ թվում եւ «Երկաթյա գմբեթի» մասով:




Լրահոս