«ՀՎԿ-ն ո՞վ է». ՀՅԴ շտաբի պետն անընդունելի է համարում ՀՎԿ-ի մոտեցումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ի նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, ցուցակների հրապարակումից պարզ դարձավ, որ դաշնակցական մարզպետները չեն առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: Ինչո՞ւ:

-Դե, քննարկել ենք, նպատակահարմար ենք գտել, որ մարզպետներն իրենց տեղում լինեն, իրենց աշխատանքն անեն, որովհետեւ այդ ընթացքում իրենք գործ ունեն անելու, մարզպետներ են, ի վերջո:

-Այնուամենայնիվ, դաշնակցական մարզպետները իրենց ընտրատարածքներում ստանձնելու են շտաբի պետերի պարտականությունները, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին եւ մարզպետարաններին խստագույնս հանձնարարել է վարչական ռեսուրսը չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում. «Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու»,- նշել է Կարապետյանը…

-Մեր մարզպետներն իրականացնելու են իրենց գործառույթները: Իրենք աշխատանքից հետո, ժամը վեցից հետո պետք է համակարգեն մեր կառույցի աշխատանքները, շատ բնական է՝ մեր կառույցի աշխատանքները պիտի համակարգեն, ոչ թե մարզի ընտրողների աշխատանքները:

-Պարո՛ն Վարդանյան, արդեն տեւական ժամանակ է՝ ՀՅԴ-ի եւ ՀՎԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում…

– ՀՎԿ-ն ո՞վ է:

-Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

-Ես որեւիցե խնդիր չունեմ որեւէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, բայց իմ խնդիրն է նաեւ ժողովրդին ասել, որ սիրելի՛ ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու դա:

Սիրելի՛ ժողովուրդ, առնվազն տասնյակ տարիներ մեր տասնութ տարեկան երեխաները պիտի գնան բանակ, այլ բան է, թե ինչպիսի պայմաններում պիտի ծառայեն, այլ բան է, թե ինչպես պիտի անենք, որ նրանք անվտանգ լինեն, եւ պատիվ լինի դա յուրաքանչյուր ծնողի համար: Սա ես պարտավոր եմ ասել, ես չեմ կարող իմ ընտրողին խաբել, ասել, որ եթե ես եղա իշխանություն, Հայաստանում գազի եւ նավթի գետեր են հոսելու, չեմ կարող ասել նման բան: Սա է տարբերությունը, այլապես քաղաքական ուժը իր ձեռագիրն ունի, իր աշխատանքն ունի, հաջողություն եմ մաղթում:

-Իսկ եթե ընտրություններից հետո կոալիցիա կազմելու որոշում կայացվի, եւ այդ կոալիցիայի մաս դառնա նաեւ «Հայկական վերածունդ» կուսակցությունը, Դուք կդառնա՞ք կոալիցիոն գործընկերներ:

-Եթեներով հարցերին ես չեմ պատասխանում, ընտրությունները կավարտվեն, արդյունքները կարձանագրվեն, խճանկարը պարզ կլինի, կքննարկենք: Բնականաբար մենք կունենանք մեր նախապատվությունները եւ մեր արժեքներով պիտի առաջնորդվենք, մեր խնդիրներով:

-Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՅԴ գրանցած չափազանց ցածր արդյունքներից հետո հայտարարվեց, որ քննարկումներ են անցկացվել, եւ հետեւություններ են կատարվել, թե ինչու նման արդյունքներ եղան այն դեպքում, երբ մարզը ղեկավարվում է ՀՅԴ-ական մարզպետի կողմից: Ի՞նչ հետեւությունների մասին է խոսքը:

-Այդ հետեւությունները, այդ քննարկումների, այդ աշխատանքների արդյունքները Դուք կտեսնեք ապրիլի երկուսին:

Վահագն Հակոբյան




Լրահոս