ՀՀ-ն շարունակում է վարել իրավիճակային դիվանագիտություն՝ լինելով պոստ ֆակտում արձագանքողի և Ադրբեջանի ձևավորած օրակարգի հետևից գնացողի դերում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան|ի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ ուշ երեկոյան կատարած տվիթերյան գրառումից:

Իսկ մինչ այդ՝ չնայած դեռեւս շաբաթներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բարձրաձայնած պատրաստակամությանը՝ երկու արտգործնախարարների հանդիպման կազմակերպման շուրջ, նման համաձայնություն այդպես էլ ձեռք չէր բերվել: Նկատենք, որ նույնանման իրավիճակ էր նաեւ անցած տարեվերջին՝ Համբուրգում, երբ դարձյալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մինչեւ վերջին պահը չէր հաստատվում, եւ, փաստորեն, այն կայացավ միջնորդների գործադրած լրացուցիչ ջանքերի արդյունքում:

Նման ընթացակարգով հանդիպումների անցկացումը ինքնին արդեն բացասական ազդակ է եւ խոսում է այն մասին, որ կողմերի մոտ չկա քիչ թե շատ ընդհանրական դիրքորոշում բանակցային օրակարգի վերաբերյալ: Եվ, հետեւաբար, երեկվա հանդիպումից առանձնապես շոշափելի ակնկալիքներ, թերեւս, պետք չէ ունենալ:

Բանակցային գործընթացում այս՝ գրեթե պատային վիճակը ոչ մի լավ բան չի խոստանում: Որքան էլ որ որոշ հայաստանյան փորձագետներ պնդեն, թե հայկական կողմն է, որ չի ցանկանում վերսկսել բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դա գնահատեն որպես ճիշտ մոտեցում, ակնհայտ է, որ այս իրավիճակը երկար շարունակելը վտանգավոր է:

 

Եթե ոմանք մտածում են, որ հաշվի առնելով Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունները՝ գործընթացը եւս մի քանի ամսով սառեցնելու ռեսուրս կա՝ համաձայն նման դեպքերում գործող չգրված օրենքի, ապա Ադրբեջանն իր վերջին տարիների վարքագծով ցույց է տվել, որ կարող է լինել միանգամայն անկանխատեսելի եւ դիմել լայնամասշտաբ սադրանքների՝ անտեսելով որեւէ գրված կամ չգրված օրենք: Հետեւաբար հայկական կողմը պետք է ոչ թե սպասի, մինչեւ Ադրբեջանը հարկ կհամարի իրագործել Վիեննայի պայմանավորվածությունները կամ էլ կհայտարարի դրանցից իսպառ հրաժարվելու մասին, այլ պետք է հանդես գա նախահարձակ դիվանագիտական քայլերով:

Ապրիլյան պատերազմից հետո մենք անընդմեջ լսում էինք դիվանագիտական նոր մոտեցումների, նոր առաջարկությունների անհրաժեշտության մասին: Նման առաջարկություններ, սակայն, անգամ փորձագիտական մակարդակով մինչ օրս չեն շրջանառվել: Հայկական կողմը շարունակում է վարել իրավիճակային դիվանագիտություն՝ մշտապես լինելով պոստ ֆակտում արձագանքողի եւ Ադրբեջանի ձեւավորած օրակարգի հետեւից գնացողի դերում:

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աշխատանքի խոչընդոտման եւ Լապշինի արտահանձնման շուրջ Ադրբեջանի քայլերը դրա վերջին օրինակներն են:




Լրահոս