Ո՛չ արծաթի, ո՛չ էլ ոսկու հարգը, կարծես, հասկացող չեղավ. «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի առաջնորդների մոտ ամնեզիա՞ է. հիշողության թարմացումով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքը արծաթ է, լռությունը՝ ոսկի. ասում է հին իմաստությունը: Երեկ մամլո ասուլիս հրավիրած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդների դեպքում, սակայն, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ոսկու հարգը, կարծես, հասկացող չեղավ:
Մասնավորապես նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը լրագրողների բազմաթիվ հարցերին այնպիսի պատասխաններ տվեցին, որ մնում է միայն նրանց խորհուրդ տալ՝ հնարավորինս քիչ խոսել:

Վարդան Օսկանյանը, օրինակ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե ԼՂՀ բանակցային գործընթացից դուրս գալու հարցում մեղավոր է Ադրբեջանը: «Ադրբեջանը եկավ, պայմաններ դրեց, որովհետեւ լիսաբոնյան հայտարարություն էր եղել: Այնպես որ, մեղադրել որեւէ մեկին ճիշտ չի լինի»: Նախկին բարձրաստիճան դիվանագետի կողմից նման հայտարարությունն ուղղակի զավեշտալի է հնչում: Առհասարակ, Ադրբեջանը մեղավոր է ղարաբաղյան հակամարտության ծագման հարցում, ուստի հայկական դիվանագիտության խայտառակ բացթողումների համար Ադրբեջանին մեղադրելը գուցե օրիգինալ մոտեցում է, բայց ամենեւին ոչ տրամաբանական:

Հաջորդիվ՝ Օսկանյանն ասում է, թե «Հազարամյակի մարտահրավերները» ՀՀ են բերվել իր արտգործնախարար եղած ժամանակ, սակայն, չգիտես ինչու, չի նշում, թե ում արտգործնախարարության ընթացքում իրականացված խայտառակ քաղաքական բռնաճնշումների հետեւանքով որոշվեց Հայաստանում կասեցնել «Հազարամյակների մարտահրավերները»:
Առհասարակ, քաղբանտարկյալների թեման շատ զգայուն է ինչպես Օսկանյանի, այնպես էլ Օհանյանի համար: Առաջինը, պարզվում է, չի հիշում իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: Իսկ երկրորդն էլ, թեեւ նախօրեին հայտարարել էր, որ «Հայաստանում, իհարկե, քաղբանտարկյալներ կան», սակայն երեկ ամեն կերպ խուսափեց որեւէ կոնկրետ քաղբանտարկյալի անուն տալ:

Ս. Օհանյանը նաեւ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են սխալներ, թերացումներ՝ միեւնույն ժամանակ պնդելով, թե Ալիկ Միրզաբեկյանին իզուր են պաշտոնանկ արել: Եվ վերստին հարց է ծագում, եթե այդպես է՝ ինչու նախարար Օհանյանը չընդդիմացավ, թե՞ պաշտոնը կորցնելու խնդիր կարող էր ծագել:

Փոխարենը 2005թ. իր աշխատասենյակում Պավլիկ Մանուկյանին մի քանի հոգով դաժան ծեծի ենթարկելը Օհանյանը որակում է որպես ընդամենը «միջադեպ»:
Նա նաեւ հայտարարում է, թե անհրաժեշտության դեպքում կարելի է ապրիլին կորցրած տարածքները հետ բերել: Փաստորեն Օհանյանի նախարարության շրջանում այդպիսի անհրաժեշտություն չկար:
2005թ. Բ. Գրիզլովի կողմից պաշտոնապես «Ռուսաստանի ֆորպոստ» հռչակված ՀՀ արտգործնախարարն էլ միայն հիմա է մտահոգվում, որ Հայաստանը ընկալվում է որպես այլ երկրի կցորդ:

Միով բանիվ՝ ակնհայտ է, որ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի առանցքը իրենց բոլոր բացթողումներն օրվա իշխանությունների վրա բարդելու անխախտ սկզբունքն է:




Լրահոս