Առաջիկա խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ համագործակցությամբ պայմանավորած «Ժառանգություն» կուսակցության շուրջ կրքերը չեն մարում: Ինչպես հայտնի է՝ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից հեռանալուց հետո մի խումբ ժառանգականներ դիմել են ԿԸՀ-ին՝ պահանջելով չգրանցել կուսակցության պատգամավորության թեկնածուներին: Թե ինչպիսի ընթացք կստանան կուսակցության ներսում ծավալվող այս ներքին խմորումները, դեռ պարզ չէ: Սակայն հարկ է նկատել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով կուսակցության ներկայացուցիչները ստիպված են լինում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել իրենց կայացրած որոշումների վերաբերյալ:
Եվ սա թերեւս «Ժառանգության»՝ ՀՀ քաղաքական մշակույթ ներմուծած ամենակարեւոր ձեռքբերումն է, երբ կուսակցությունում որոշումները չեն ընդունվում կուրորեն, երբ կա բանավեճ, տեսակետների բախում, եւ այդ ամենն ունենում է հրապարակային դրսեւորում: Ոչ թե այնպես, ինչպես տեղի է ունենում ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀՎԿ-ում եւ մի շարք այլ կուսակցություններում, որտեղ ամեն ինչ որոշվում է բացառապես մեկ հոգու կամքով: Ընդ որում, այս կուսակցություններում դա նորմա է համարվում, եւ կուսակցականները հպարտությամբ են նշում, որ իրենց կուսակցապետերի ասածները քննարկման ենթակա չեն: Օրինակ՝ վերջերս նման հայտարարություն արեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը՝ ամենեւին չմտահոգվելով, որ դա համահունչ չէ ներկուսակցական ժողովրդավարության սկզբունքներին եւ ամենեւին ոչ հարիր ԵԺԿ-ին անդամակցող ուժին:
Երեկ էլ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը որոշակի նեղսրտվածությամբ անդրադարձավ այն հիշեցումներին, որ այս օրերին արվում են՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սեյրան Օհանյանի մասին նախկինում արած քննադատական հայտարարությունների հետ: «Չգիտեք ինչու, չեք հիշում, թե մարդիկ ոնց էին իրար ինչ ասես ասում, եւ չեք ասում՝ այդ մարդիկ իրար հետ ոնց են համագործակցում: Բայց փոխարենը՝ Ր. Հովհաննիսյանի ասած կես նախադասություն քննադատական խոսքը սարքել եք դրոշակ»:
Անշուշտ, Մարտիրոսյանն իրավացի է. մեր լրատվական դաշտը շատ ավելի խայտառակ փոխակերպումներ է տեսել, սակայն, թերեւս, այդքան համառորեն չի հիշեցրել այդ մասին: Պատճառը գուցե այն է, որ մեր հայրենիքը կրկեսի վերածելու գործընթացում ներգրավված քաղաքական ուժերից հանրությունն առանձնապես սպասելիքներ չունի, եւ նրանց կողմից ամենաանբարոյական քայլն անգամ այլեւս որեւէ մեկի զարմանքը եւ դժգոհությունը չի հարուցում: Իսկ ահա այն, որ Ր. Հովհաննիսյանի կողմից Ս. Օհանյանի հասցեին ասված «կես նախադասություն քննադատական խոսքը» պարբերաբար հիշեցվում է, թերեւս պետք է դրական ընդունել, քանզի դա նշանակում է, որ այս դեպքում հանրությունը դեռ սպասելիքներ ունի սկզբունքներին եւ սեփական խոսքերին չդավաճանելու առումով: