Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքը պետք է որոշի ինչպես ապրել. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի, թե ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին Deutsche Welle­ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «2007 թվականի նոյեմբերին համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա մենք մինչ օրս բանակցություններ ենք իրականացնում: Սակայն ամեն անգամ, երբ հասնում ենք ինչ­որ համաձայնությունների և հստակ փոխզիջումների, Ադրբեջանը քայլ, իսկ երբեմն էլ՝ մի քանի քայլ հետ է կատարում»,­ -նշել է Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտություններից առանձնանում է նրանով, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: «Նրանք մշակել և հակամարտող կողմերին ներկայացրել են խնդրի կարգավորման ընդհանուր մոտեցումներ:

Հակամարտող կողմերն են նախ և առաջ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը: Այդ մոտեցումներն արտահայտված են հինգ հայտարարություններում, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ­ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ կարգավորման: Համանախագահ երկրներն առաջարկել են հստակ սկզբունքներ և տարրեր, ընդ որում, երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մյուսից, մի տարրը՝ մեկ ուրիշից: Ի տարբերություն հայկական կողմի դիրքորոշման` Ադրբեջանը փորձում է ձևացնել, որ նման հայտարարություններ առհասարակ գոյություն չունեն»,­ ասել է ՀՀ արտգործնախարարը: Խոսելով այն մասին, թե հակամարտության լուծման ինչպիսի փոխզիջումային տարբերակ է տեսնում` Նալբանդյանը հիշեցրել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունները:

«Խոսքը երեք սկզբունքի մասին է, առաջինը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում: Ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ամեն օր սպառնալ, ինչպես նաև ուժ կիրառել: Երկրորդ սկզբունքը ինքնորոշման իրավունքն է, իսկ երրորդը` տարածքային ամբողջականությունը»,­ ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ հակամարտությունը պետք է կարգավորել այդ սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, ընդ որում` իր մեկնաբանությամբ:

«Եթե կիրառվեր այն մեկնաբանությունը, որն առաջարկում է Ադրբեջանը, ապա այժմ չէին լինի ՄԱԿ­ի անդամ այն երկրները, որոնք անկախ պետություն են դարձել հենց ինքնորոշման իրավունքից օգտվելու միջոցով: Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն է, ժողովուրդը ժամանակին անցկացրել է հանրաքվե և կողմ քվեարկել անկախությանը: Համանախագահների առաջարկներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, ինչը կունենա միջազգային իրավական ուժ: Սա այն բանաձևն է, որում ամեն բան ասված է: Հենց դրանից է, որ խրտնում է Ադրբեջանը: Միջազգային հանրությունն ասում է մի բան, իսկ Բաքուն՝ բացարձակապես այլ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ»,­ ընդգծել է Նալբանդյանը:




Լրահոս