Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել իր շահերը. հայկական կողմից հանդես են գալիս դատարկ սփոփանքներով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ի եւ ՌԴ-ի արտգործնախարարների համատեղ ասուլիսում երեկ Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության խնդրին: «Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Այս դեպքում մենք անտարբեր չենք հատկապես այն պատճառով, որ ՀՀ-ի գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին»,- ասել է Լավրովը: Իհարկե, մի փոքր անհասկանալի է այն, որ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության կարեւորությունը ՌԴ արգտործնախարարը պայմանավորում է նրանով, թե որ երկրի քաղաքացի է ղեկավարը: Միեւնույն ժամանակ սա կարելի է ընկալել որպես ՌԴ ԱԳ նախարարի կողմից ուղղված դիվանագիտական ուղերձ՝ առ այն, որ խոչընդոտելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը՝ ադրբեջանական կողմը որոշակիորեն դիպչում է նաեւ ՌԴ շահերին: «Ավստրիայի նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս, եւ որ դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ համար ոչ այդքան ցանկալի իրավիճակը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Այսպիսով՝ Լավրովն արձանագրել է, որ չնայած հունվարի 17-ին տեղի ունեցած ԵԱՀԿ միացյալ խորհրդի նիստում ձեռք բերված համաձայնությանն առ այն, որ հայկական կողմը հրաժարվում է խաղաղ ականազերծման ծրագրից /թեեւ այն որեւէ կերպ չի հակասում ԵԱՀԿ մանդատին/, հետեւաբար այլեւս չկան գրասենյակի գործունեության շարունակման հետ կապված խնդիրներ, Ադրբեջանը շարունակում է կաթվածահար վիճակում պահել գրասենյակի գործունեությունը: Համենայն դեպս, առայսօր հաստատված չեն գրասենյակի՝ արդեն ընթացիկ տարվա գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների ծրագրերը:

Հիշեցնենք, որ այս կապակցությամբ օրերս իր մտահոգությունն էր հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը, ինչից հետո էլ հայաստանյան ավելի քան 40 կազմակերպություններ բաց նամակով դիմել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով երեւանյան գրասենյակի գործունեության առանձնահատուկ կարեւորությունը: Դատելով Լավրովի հայտարարությունից՝ խնդրի լուծումը պիտի քննարկվի մոտ ժամանակներս, ասել է, թե բացառված չէ, որ Ադրբեջանին, չնայած բոլոր ազդեցիկ երկրների հրապարակային դժգոհությանը, հաջողվի հասնել իր ուզածին:

Իսկ հայկական կողմից, ինչպես միշտ, հանդես են գալիս դատարկ սփոփանքներով, թե նման վարքագծով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում իր դեմքը, թե նրա կողմից ԵԱՀԿ 56 անդամ երկրների միասնական կամքին դեմ գնալը բացասական հետեւանք կունենա վերջինիս համար, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է հետեւողականորեն առաջ տանել իր շահերը՝ թքած ունենալով նրա վրա, թե ԵԱՀԿ անդամ այս կամ այն երկրում ինչ կմտածեն իր մասին: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում. երբ են մեր դիվանագետները սկսելու գործել նույնկերպ՝ առաջնահերթ հետամուտ լինելով մեր շահին եւ ոչ թե տուրք տալով տոլերանտամիտ սեթեւեթանքներին:




Լրահոս