ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նախարարությունում լուրջ ստուգումներ են. աղմկահարույց բացահայտումներ են արվել, որոնց թելը հասնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Պաշտոնական
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ արդեն տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը՝ ձերբակալվել:
Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը: Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Ստուգումներ նախարարությունում
Ու մինչ իրավապահները քննում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում բուն դրած կոռուպցիոն դրսեւորումները, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս օրերին նախարարությունում տիրող քաոսային իրավիճակի մասին: Մասնավորապես, թե ինչպես են նախարարության կողմից հայտարարված մրցույթներում հաղթել այնպիսի ընկերություններ, որոնք, ըստ էության, չէին կարող հաղթող ճանաչվել, եւ, առհասարակ, ինչ մեխանիզմներ են կիրառվել, որ հենց այդ ընկերությունները հաղթեն մրցույթում։ Նախարարությունում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված կոռուպցիոն կծիկի թելը հասել է ընդհուպ մինչեւ նախարարին: Իսկ թե կոնկրետ ինչպիսի դերակատարություն է նա ունեցել այդ ամենում, պարզ կդառնա ստուգումների ավարտից հետո:
Պարզվել է, որ Արա Մանվելյանը՝ Պելե մականունով, ֆինանսատնտեսական վարչության պետը, տարաբնույթ «մութ գործարքների» մեջ կա: Մեզ հասած տեղեկություններով՝ Պելեն, Նորքի ծերանոցի Գժոյանը եւ նախարարը՝ 3-ով այնպես են կազմակերպում մրցույթները, որոնցում հաղթում են ձեւական ընկերություններ, իսկ իրականում նրանք, որոնցով նախարարը հետաքրքրված է:
Ավելին՝ ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ սոցապ նախարարությունը միտումնավոր կասեցնում է դոնորների ֆինանսավորմամբ աջակցությունները, քանի որ հատկացումների ձեւաչափն իրենց սրտով չէ:
Հուսանք՝ ստուգումների ընթացքում աչքաթող չի արվի նաեւ այն հարցը, թե ինչ ճակատագրի արժանացավ 2013թ. Եվրամիության կողմից նախարարությանը տրամադրված 1 մլն եվրո գումարը, որով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեր արտագաղթը կանխելու նպատակով: Բացի այդ՝ Համաշխարհային բանկից նախ՝ 3 մլն դոլար, ապա՝ եւս 18 մլն դոլար է նախարարությունը ստացել՝ սոցիալական աշխատողի համակարգը ներդնելու համար, սակայն այդ միջոցներն առավելապես ծախսում է տարբեր շենքերի վերանորոգման վրա:

Ազատազրկման դատապարտված պետը
Այս պատկերին զուգահեռ՝ ուշագրավ եւս մեկ փաստ. նախարարությունում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ նախկինում չարաշահումների համար դատապարտված անձինք այս օրերին աշխատում են նախարարությունում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության տնտեսական բաժնի պետ Սուսաննա Սեդրակյանը նախկինում չարաշահումների համար դատապարտված է եղել: Վերջինիս անունը բոլորին հայտնի է՝ կապված ՀՀ դատական դեպարտամենտում արձանագրված աղմկահարույց դեպքերի հետ:
Սուսաննա Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ, պաշտոնատար անձ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Գոհար Հարությունյանի, հաշվապահության աշխատակիցներ Հովակիմ Բադանյանի եւ Շուշանիկ Բանտիկյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8 միլիոն դրամը: Արդյունքում 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սուսաննա Սեդրակյանին դատապարտել է ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով, սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ Սեդրակյանն ազատվել էր պատժից: Չի բացառվում, որ չարաշահումների մեխանիզմին լավատեղյակ Սուսաննա Սեդրակյանի թեթեւ ձեռքով էլ քողարկվում են ֆինանսատնտեսական վարչությունում բուն դրած կոռուպցիոն դրսեւորումները:

Սոցապնախարարն ու բարեկամները
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Արտեմ Ասատրյանը՝ շատ լավ գիտակցելով, որ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, այս օրերին նախարարությունում գտնվող իր բարեկամներին, մտերիմներին տեղափոխում է իր ղեկավարած նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն: Ավելին՝ տեղեկություններ կան, որ այս կերպ Արտեմ Ասատրյանը ցանկանում է նախ իր մտերիմներին փրկել ճաղերի հետեւում հայտնվելու հեռանկարից, ապա նաեւ՝ «ջրից չոր դուրս գալու» համար խնդրել իրեն տեղափոխել այնտեղ: Հուսանք, որ տարիներ շարունակ նախարարությունում բուն դրած կոռուպցիոն մեխանիզմների իրական պատասխանատուները չեն խուսափի իրավապահների ուշադրությունից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊՆ ԳՆԴԱՊԵՏՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետների մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն դրսեւորումների հետ կապված քրեական գործն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ կալանավորվել էր ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվել էր նաեւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Էլ թեք Քոմփ» ՍՊ ընկերությունը 2015թ հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի՝ Խաչատրյանի հանձնարարությամբ Արսեն Ղարիբջանյանը որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել: Գերշահույթի վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց գնդապետ Խաչատրյանը գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի միջոցով ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5 մլն դրամի կաշառք: Այդ նպատակով 2016 թվականի մարտի սկզբին Ղարիբջանյանը հանդիպել է ընկերության տնօրեն Ս. Ավագյանին եւ հայտնել գնդապետի՝ 5 մլն ՀՀ դրամ գումար կաշառք ստանալու պահանջը, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը: Արդյունքում, գնդապետ Սամվել Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառակերություն):
Սակայն նկատենք, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի էր ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Սամվել Խաչատրյանի դեմ: Գնդապետ Խաչատրյանի հարազատները բարձրաձայնում են, որ վերոնշյալ ՍՊԸ-ն կապված է Սեյրան Օհանյանի անվտանգության պետի հետ. Սերգեյ Հայրապետովը մի քանի անգամ զգուշացրել է Սամվել Խաչատրյանին, որպեսզի դադարի գործ ունենալ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի հետ եւ լռի, հակառակ դեպքում կփոշմանի: Սակայն Խաչատրյանը չէր լսել հորդորները` որոշելով, այնուամենայնիվ, ընթացք տալ եւ արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում:
Եվ ահա վերոնշյալ գործը շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո՝ 2017 թվականի հունվարի 20-ին, ուղարկվել է Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործով դատավոր է նշանակվել Արմեն Վարդապետյանը: Ավելին՝ պարզեցինք, որ այս գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը դեռեւս կալանքի տակ է, իսկ ահա գնդապետ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԵՐԺԵԼ ԵՆ
ԱԺ պատգամավորներ Ն. Փաշինյանն ու Է. Մարուքյանը, ովքեր նախօրեին ցանկացել էին այցելել հացադուլ հայտարարած Հաց բերող Արթուր Սարգսյանին, հայտարարել են, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել նրան՝ խցային պայմանները դիտարկելու նպատակով: Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչակազմի կողմից որեւէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պատգամավորների կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը եւ կատարվել է վերջիններիս կողմից: Քանի որ ՔԿՀ մուտք գործելուց հետո Ն. Փաշինյանը եւ Է. Մարուքյանը ցանկություն են հայտնել տեսակցել կալանավորված Ա. Սարգսյանի հետ, որի տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջիններիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է ՔԿՀ-ի վարչակազմի կողմից:

 

 

ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑԻՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպանների բողոքը եւ անփոփոխ թողել կալանավորման ժամկետը երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Պ. Մանուկյանը կալանավորվել է 2016թ. հուլիսի 31-ին:




Լրահոս