ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԴՈԼԱՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ակնհայտորեն միտված է արտաքին հարաբերություններից երկիրը հարաբերականորեն մեկուսացնելուն: Նման շրջափուլերի Միացյալ Նահանգներն ականատես է եղել ոչ մեկ անգամ, ուստի ԱՄՆ-ում որեւէ աննախադեպ բան տեղի չի ունենում: Այս առումով հատկանշական է Թրամփի քաղաքականության հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա, ինչը անխուսափելիորեն դիպչելու է նաեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Փորձենք հասկանալ, թե ինչպիսի ապագա է սպասում ամերիկյան դոլարին, քանզի տնտեսության վայրիվերումների նախնական ազդակները առաջնահերթորեն դրսեւորվում են արժույթի վրա:

Ամերիկյան հայտնի Huffington post պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, պատմում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիշերը ժամը 3-ին զանգահարել է իր ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինին եւ հետաքրքրվել, թե ԱՄՆ-ին ինչպիսի՞ դոլար է հարկավոր՝ ուժե՞ղ, թե՞ թույլ: Բնականաբար, պաշտոնաթող գեներալը, որի համակարգման հիմնական տիրույթը արտաքին հարաբերություններն են, զարմացել է ու նախագահին պատասխանել, որ ճիշտ կլիներ հարցը ուղղել տնտեսագետներին: Նկատենք, որ ո՛չ Ֆլինի գրասենյակը, ո՛չ էլ Սպիտակ տունը չեն հերքել կամ հաստատել մամուլ սպրդած այս տեղեկատվությունը: Եթե նույնիսկ ամերիկյան պարբերականը չափազանցրել է կամ էլ լիովին սուտ տեղեկատվություն հրապարակել, դրանից չի նվազում դոլարի շուրջ գոյություն ունեցող անհանգստությունը, որը համակել է թե՛ շարքային ամերիկացիներին, թե՛ համաշխարհային կորպորացիաներին, թե՛ ԱՄՆ վարչակազմին:
Time-ի՝ ֆինանսա-տնտեսագիտական շրջանակներում հեղինակություն վայելող Money էջ-հարթակում Թեյլըր Թեփփերը փորձել է պատասխանել Թրամփի վերոնշյալ հարցին՝ ի սկզբանե արձանագրելով, որ պատմականորեն ԱՄՆ-ն ունեցել է դոլարի ուժեղ եւ թույլ շրջափուլեր: Իրավիճակի բարդությունը մեկնաբանվում է այն հանգամանքով, որ Ռ. Ռեյգանի պաշտոնավարման վերջին տարիներին ԱՄՆ դոլարը թուլացել էր, սակայն ԱՄՆ տնտեսությունը զարգացում էր ապրում: Դա շարունակվել էր նաեւ Քլինթոնի օրոք, երբ դոլարը բավականին ուժեղ էր: Ուստի միանշանակ պնդել, թե դոլարի թույլ կամ ուժեղ լինելը նպաստում է կամ խաթարում տնտեսության զարգացմանը, հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ երբեմն թույլ դոլարը կարող է ճգնաժամային իրավիճակում գտնվող տնտեսությանը հզորանալու խթան հաղորդել: Այլ իրավիճակներում, երբ իշխանությունները փորձել են հավասարակշռել տնտեսությունը, ուժեղացրել են ամերիկյան արժույթը, որն իր հերթին արագացրել է տնտեսական կարգաբերումները:
Հայաստանը պետք է որ քաջ տեղյակ լինի, թե ինչ է նշանակում արժույթի տատանումը, որը մեզ մոտ գերազանցապես դրսեւորվել է տնտեսության խաթարված վիճակի պատճառով: 1993թ. երբ ներմուծվեց հայկական դրամը, տեղի ունեցավ հիպերինֆլյացիա: Ֆինանսա-տնտեսական թերացումից զատ՝ գոյություն ունեին նաեւ օբյեկտիվ պատճառներ` ռուբլու փլված գոտի, քայքայված տնտեսություն եւ պատերազմ: Իսկ 2000-ականներին Հայաստանում արհեստականորեն ուժեղացվում էր դրամը, եւ Քոչարյանի կառավարման շրջանում 1 դոլարի գինը հասել էր նույնիսկ 300-305 դրամի: Բավական է հիշել, որ 2009թ. մարտին դրամը շեշտակիորեն գահավիժեց` 305-ից դառնալով 370 մեկ դոլարի դիմաց: Ըստ մի շարք տնտեսագետների՝ այսօր Կենտրոնական բանկը շարունակում է արհեստականորեն պահել դոլարը 480-85 դրամի սահմաններում: Ցանկացած արժույթի ուժեղությունը կամ թուլությունը չի ձեւավորվում դատարկ տարածության մեջ: Դրա վրա ազդում են ինչպես երկրի ներքին տնտեսական վիճակը, այնպես էլ արտաքին ազդակները: Դոլարի պարագայում արտաքին ազդակների փոխարեն առավելապես հարկ է խոսել ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես Չինաստանի եւ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների, վերջինիս քաղաքական նպատակների Մերձավոր Արեւելքում, Ռուսաստանի ազդեցության գոտիներում եւ այլն: Եթե դոլարն ուժեղանում է, դա խաթարում է ԱՄՆ արտաքին առեւտրի զարգացմանը, քանզի ամերիկյան ապրանքները սկսում են ավելի թանկ լինել օտարերկրացիների համար: Ի հեճուկս սրա՝ ուժեղ դոլարը թույլ է տալիս ամերիկացիներին ավելի էժան ձեռք բերել արտասահմանյան ապրանքները: Միով բանիվ՝ ուժեղ դոլարը թանկացնում է ամերիկյան արտադրանքը` ուժեղացնելով օտար երկրների ապրանքները՝ Չինաստանից մինչեւ Գերմանիա:
Հետեւաբար, այսօր հարկ է հասկանալ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է պատրաստվում վարել ԱՄՆ-ն, եւ որոնք են լինելու նրա նպատակներն ու առաջնահերթությունները այդ ոլորտում: Եթե Թրամփը ցանկանում է զարկ տալ ամերիկյան ապրանքների արտադրությանն ու աշխարհում դրանց տարածմանը, նա պետք է ձգտի թույլ դոլար ունենալուն: Եթե ցանկանում է, որ ամերիկյան ապրանքները արտադրվեն ու վաճառվեն ԱՄՆ-ում՝ գերակայելով արտասահմանյան արտադրանքի նկատմամբ, նա պետք է ուժեղացնի դոլարը, ինչը, սակայն, կարող է բացասական ազդեցություն ունենալ շարքային ամերիկացիների վրա: Այսօր Թրամփի վարչակազմն այս հարցում միանշանակ ու հստակ կեցվածք չունի: Թրամփը ժամանակին պնդում էր, որ ուժեղ դոլարը սպանում է ամերիկյան տնտեսությունը՝ համեմատական անցկացնելով չինական արժույթի թուլության հետ: Հակառակ սրան՝ ԱՄՆ գանձապետի պաշտոնում Թրամփի առաջարկած թեկնածու Սթիվ Մնուչինը դոլարի ուժեղությունն ասոցացնում էր ԱՄՆ-ի հետ գործարք անելու համաշխարհային ցանկության հետ: Այսպիսով՝ Թրամփի վարչակազմը դեռ չի կողմնորոշվում ինչպիսի քաղաքականություն որդեգրել, ինչը բնական է՝ հստակորեն տարբերելով նախընտրական շրջանի տեղեկատվության պակասն ու պոպուլիզմը ԱՄՆ նախագահի պաշտոնից ենթադրվող պատասխանատվությունից: Անկախ տնտեսագիտական կանոններից՝ ԱՄՆ-ին չի կարող ձեռնտու լինել դոլարի անչափ ուժեղացումը եւ նույնչափ թուլացումը: Ցանկացած պետություն կարող է շահել միայն ծայրահեղականություններից զերծ ոսկե միջինից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ
Փետրվարի 12-ին Հայաստանի 6 մարզերի 7 գյուղերում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ գյուղերում հիմնականում վերընտրվել են գործող համայնքապետերը: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդում առաջադրվել են երկու թեկնածու, սակայն արդյունքում վերընտրվել է գործող դաշնակցական գյուղապետ Արտաշես Սաֆարյանը՝ հավաքելով 145 ձայն: Արարատի մարզի Նոյակերտ գյուղում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը՝ Հովհաննես Հարությունյանը: Վերջինս հավաքել է 691 ձայն, նրա մրցակից անկուսակցական Էդվարդ Սարգսյանը՝ 52 ձայն: Իսկ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առաջադրվել է միայն գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մանուկյանը եւ, բնականաբար, վերջինս էլ վերընտրվել է՝ հավաքելով 304 ձայն:
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում գյուղապետի աթոռի համար պայքարել են երկուսը՝ գործող անկուսակցական գյուղապետ Մնացական Գեւորգյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի սպասարկման գրասենյակի օպերատոր Աստղիկ Մկրտչյանը: Սակայն պայքարի արդյունքում վերընտրվել է գործող գյուղապետ Մնացական Գեւորգյանը, որը հավաքել է 206 ձայն: Իսկ կին թեկնածուի օգտին քվեարկել է 97 բնակիչ:
Միայն Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը պարտվել է 15 ձայնով: Ախուրիկի նոր գյուղապետ է ընտրվել անկուսակցական Հովհաննես Պողոսյանը, որը հավաքել է 277 ձայն: Նշենք, որ նույն մարզի Արեւիկ գյուղում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է գյուղապետի տեղակալ ՀՀԿ-ական Վարդկես Մեսրոպյանը՝ հավաքելով 526 ձայն: Ի դեպ, նրա հետ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էին եւս երկուսը:
Հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում, որտեղ առաջադրված թեկնածուն մեկն էր՝ նույն գյուղի միջնակարգ դպրոցի դաշնակցական տնօրեն Համլետ Թորոսյանը: Նրան ընտրել են ընդամենը 13 հոգի: Բանն այն է, որ քվեարկությանը մասնակցած 49 ընտրողներից 35-ը դեմ են քվեարկել դաշնակցական թեկնածուին, 13-ը՝ կողմ, իսկ 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Ի դեպ, նշենք, որ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ եթե թեկնածուի օգտին քվեարկել է մասնակիցների կեսից ավելին, ապա նա ընտրվում է: Սակայն Համլետ Թորոսյանի դեպքում սա չի կարող գործել: Հավանաբար այս գյուղում առաջիկայում կնշանակվեն գյուղապետի նոր ընտրություններ:
Նշենք, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ընտրություններում փորձարկվել են ընտրական գործընթացների թափանցիկության մեծացման նպատակով ներդրված սարքավորումները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԻ ԿԻԼՈ ՄՍԻ ՀԱՄԱՐ

Իջեւան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Արծրուն Հարությունյանը 2016թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, մուտք է գործել անհատ ձեռներեց Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջեւանի Անկախության փողոցում գտնվող խանութ, հափշտակել 1 կգ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի: Նա Վ. Վարդապետյանին պատճառել է 2000 դրամի գույքային վնաս:

Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Արծրուն Հարությունյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ: Սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ խանութի դռան ձախ կողմում կախված մսի կտորներից մեկը վերցրել է ու փախել: Նա հայտարարել է, որ Վազգեն Վարդապետյանը իր հետեւից վազել է, սակայն չի կարողացել բռնել, իսկ գողացված մսի կտորը ճանապարհին իր թեւի տակից ընկել է: Ա. Հարությունյանը հայտնել է, որ թեեւ ինքը 2000 դրամը չի վճարել, սակայն Վ. Վարդապետյանի համար ձմռան վառելափայտ է կոտրատել: 2017թ. հունվարի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Հարությունյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել մեկ տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վճռել է նշանակված պատժին գումարել նախորդ՝ 2015թ. հուլիսի 7-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ Ա. Հարությունյանին վերջնականապես դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս