«ԱՍՈՒՄ ԵՆ` ՈՆՑ ԿԱՐՈՂ Է ԷՐԻԿԸ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԲԱՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շանթ»-ով հեռարձակվող «Իքս ֆակտոր-4»-ը շարունակում է իր լսարանին լարված պահել հեռուստացույցների առջեւ: Թե ով կմնա նախագծում, կախված կլինի մասնակիցների գործադրած ջանքերից եւ, իհարկե, հեռուստադիտողների քվեարկությունից: Իքսֆակտորյան կրքերի մասին զրուցել ենք երգիչ, նախագծի ժյուրիի անդամ Էրիկ Կարապետյանի հետ:

-Էրի՛կ, աղջիկների Ձեր խմբում մնացել է երեք հոգի: Ի՞նչ սկզբունքով ընտրեցիք հենց նրանց:
-Այդ մասնակիցները, բացի տաղանդավոր լինելուց, նաեւ աշխատասեր են ու նպատակասլաց, գիտեն` ինչի համար են եկել «Իքս ֆակտոր», հենց առաջին քայլերից իրենց ճիշտ են դրսեւորել թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումներով: Խմբում մնացել են այն աղջիկները, որոնք այս պահին ուժեղ են գտնվել: Ես, իսկապես, սիրում եմ աշխատել այն մարդկանց հետ, որոնք ուզում են ստանալ այն ամենը, ինչի հետեւից եկել են: «Իքս ֆակտոր»-ը մեծ դպրոց է, երբ ես սկսնակ երգիչ էի, կերազեի, որ ինձ նման հարթակ ընձեռվեր:
-Վերջին շրջանում Դուք աչքի եք ընկնում նաեւ ընդգծված խստությամբ: Մի՞շտ եք այդպիսին, թե՞ առանձին դեպքերում:
-Ես առանձնապես խիստ չեմ, ուղղակի մասնակիցները, որոնք ճանաչվում են, դժվար են դիմանում փորձություններին: Նրանց ներսում միանգամից լիքը բան սկսվում է փոխվել: Ուստի կողքից պետք է լինի մեկը, որը կասի. «Վե՛րջ, կա՛նգ առ»: Իսկ, առհասարակ, քանի որ իմ թիմում աղջիկներ են, փորձում եմ ավելի զուսպ եւ սիրալիր լինել նրանց նկատմամբ: Բայց, իհարկե, լինում են դեպքեր, հատկապես` փորձերի ժամանակ, երբ հասկանում եմ, որ պետք է սթափեցնել մասնակցին:
-Էրի՛կ, իսկ հե՞շտ է լինելով երիտասարդ` աշխատել Ձեր հասակակիցների հետ:
-Իմ`«Իքս ֆակտոր»-ում գտնվելը երբեմն հարցականի տակ են դնում, ասում են` ոնց կարող է Էրիկը ինչ-որ մեկի բան սովորեցնել, բայց հավատացեք` ես երգարվեստում արդեն մեծ ճանապարհ եմ անցել: Իմ իմացածի չափով կարող եմ շատ բան փոխանցել, ինչը եւ սրտանց անում են: Իսկ տարիքը կապ չունի. ինքս էլ մասնակիցներից շատ բան եմ սովորում, մեկս մյուսիս մեր իմացածը փոխանցելով` ուզում ենք հասնել բարձունքի: Ես այս նախագծի շրջանակում եմ առաջին անգամ հանդես գալիս որպես խմբի ղեկավար, պրոդյուսեր եւ այս պարագայում սկսել եմ արդեն մասնակիցներին հայրություն էլ անել, հարցնում եմ` արդյոք հաց կերել են, չեն մրսել եւ այլն (ծիծաղում է): Պետք է նաեւ նշեմ, որ փորձում եմ շտկել մասնակիցների թերությունները, որպեսզի նրանք` որպես արտիստ, «վաճառվեն» լիարժեք: Ինքս կասկածել եմ` արդյոք արժի նախագծին մասնակցել, թե ոչ: Բայց եկել ու սիրահարվել եմ «Իքս ֆակտորին»: Շուտով վրա կհասնի հանդիսատեսի քվեարկության պահը, բայց հավատացեք` վերջինս երբեմն ոչ օբյեկտիվ է այդ հարցում: Եթե հանդիսատեսի կամքին մնար, վաղուց մեկ տոկոս էստրադա էլ մնացած չէր լինի: Դա էլ վատ քարոզչության արդյունք է: Հիմա փորձում ենք ամեն բան իր տեղը դնել:
-Վերջերս տեղի ունեցավ «Տիեզերք» երգի հիման վրա Ձեր տեսահոլովակի պրեմիերան: Ստեղծագործության երաժշտության հեղինակը Դուք եք: Էլի նոր երգեր ունե՞ք, որոնց մասին Ձեր լսարանը դեռ չգիտի:
-Այո՛, հիմա փորձում եմ հերթով ներկայացնել իմ վերջին ալբոմում տեղ գտած երգերը, որոնք ես եմ գրել, եւ որոնց մասին քչերը գիտեն: Առաջիկայում ունեմ նաեւ շատ շրջագայություններ տարբեր երկրներում: Այնպես որ, լարված տարի է սպասվում:

 

 

 
ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕՊՏԻՄԻԶՄԸ

«Ժողովուրդ»-ը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանից հետաքրքրվեց` վերջինս ինչ ակնկալիքներ ունի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից:

«18 տարեկանից մասնակցում եմ բոլոր կարգի ընտրություններին, որովհետեւ այն համոզման եմ, որ իմ ձայնը ամբողջական է դարձնում պրոցեսը` անկախ արդյունքից: Կարծում եմ` այն փոփոխությունները, որոնք առաջարկել են ներկայիս գործող իշխանությունները, սթափ եւ ճիշտ որոշման արդյունք են, իսկ թե ինչ կստացվի վերջնական արդյունքում, կախված է ինձնից, ձեզնից, ամենքից: Ամեն մեկս մեր տեղում մեր պատասխանատվությունը զգալով` պետք է մեր աշխատանքը կատարենք: Ցանկալի է, որ աշխատանք ունենան բոլորը»,-ասաց նա:
Մենք նկատեցինք` կառավարության ներկայիս գործելաոճը, փաստորեն, կոմպոզիտորի սրտով է. «Ես Կարեն Կարապետյանին ճանաչում եմ դեռեւս քաղաքապետ եղած ժամանակվանից եւ պետք է ասեմ, որ նրա նախաձեռնություններն ամեն մեկից պահանջում են պատասխանատվորեն վերաբերվել փոփոխություններին»,-մեկնաբանեց պարոն Վարդազարյանը:
Իսկ հարցին, թե արդյոք վստահություն ունի քաղաքական դաշտում ձեւավորվող դաշինքների նկատմամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանրապես, դաշինքների հարցը կասկածելի հարց է, գիտեք` ինչ իմաստով. դրանց անդամները մտածում են` եկեք Գվիդոնի, Սանասարի, Բաղդասարի հետ միանանք, կդառնանք շատ, իշխող, կանենք այն, ինչ ուզում ենք… Այս մոմենտն էլ կա, չի կարելի բացառել: Եվ էլի ժողովրդավարությունը դառնում է արհեստական: Ընդհանրապես, ես շատ վաղուց առաջարկել էի, որ Ազգային ժողովի պաշտոնյաները դառնային անկուսակցական, այսինքն` լինեին միայն ԱԺ անդամ, իրենց կարծիքն արտահայտեին որպես քաղաքացի, ոչ թե կուսակցական մոտեցում ցուցաբերեին, ոչ թե հակադրվեին միմյանց, այլ համադրեին կարծիքները: Այսպիսի խոսք կա, ասում են` ո՞ւմ դեմ ենք ընկերություն անում: Բայց ընկերությունը պետք է արվի հանուն միասնության: Իհարկե, սա ուտոպիստական մոտեցում է. ոչ ոք չի հրաժարվի իր կուսակցական պատկանելությունից: Չնայած տարիքս պատանեկան չի, բայց պատանեկան օպտմիզմով եմ ասում սա»:
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց` արդյոք ջազմենը կողմնորոշվել է, թե ում է իր ձայնը տալու. «Երբ բոլորի ծրագրերին կծանոթանամ, վերջնականապես կկողմնորոշվեմ` ում ընտրել»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե ինչ կարծիք ունի մեր կառավարության վարած մշակութային քաղաքականության մասին, պարոն Վարդազարյանը պատասխանեց. «Ես դեռ ամբողջովին չեմ պատկերացնում` ինչպիսին է այն, բայց, կարծում եմ, որ իրավիճակը հուսադրող է»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՆՈՐ ԱՐՁԱՆ
Փետրվարի 14-ին կայացած նիստում Երեւանի ավագանու անդամները հավանություն են տվել մայրաքաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին: Քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ի դեպ, Երեւանին նվիրաբերված «Սիրահարներ» քանդակային աշխատանքը հավանության է արժանացել նաեւ քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից:

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻՆ
ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի մշակութային հիմնադրամը Գիրք նվիրելու օրն ընթերցողների համար անակնկալ են պատրաստել: Փետրվարի 19-ին, ժամը 12։00-ից մինչեւ երեկո Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուս»¬ը, կշրջի Երեւանի համայնքներում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` «ԳրաԲուս»-ում ներկայացված բոլոր գրքերը ընթերցասերները հնարավորություն կունենան գնել 30% զեղչով: Գրքերը կվաճառեն սիրված եւ ճանաչված մարդիկ:

 

 

ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԼԵՊՍԻՑ
Ռուսական շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկից` Գրիգորի Լեպսից, հեռացել է երկար տարիներ նրա հետ համագործակցած PC LEPS պրոդյուսերական կենտրոնի ամբողջ թիմը: Այս մասին հայտնում է life.ru-ն` հղում անելով երգչին մոտ աղբյուրին:
Տեղեկությունը հաստատել են կենտրոնի ղեկավարներ Ալեքսանդր Նիկիտինն ու Մայա Սերիկովան: Վերջինս նշել է, որ իրենք Լեպսի հետ են նման որոշում կայացրել: Նա նաեւ հավելել է, որ կենտրոնն ավարտին կհասցնի Լեպսի հետ սկսած բոլոր նախագծերը, կկատարի իր պարտավորությունները:
Թե կոնկրետ ինչն է համագործակցության դադարեցման պատճառը, կենտրոնի ղեկավարները հրաժարվել են հայտնել: Նրանք միայն տեղեկացրել են, որ շարունակում են ընկերական հարաբերություններ պահել Լեպսի հետ:




Լրահոս