ՀՀԿ-ի կարգախոսը զավեշտալի է. այն մատնանշում է ՀՀԿ իշխանավարության 2 ամենակարևոր ձախողումները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Է. Շարմազանովը երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: Այսպիսով՝ արդեն իսկ հայտնի են առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական միավորների նախընտրական կարգախոսները: Ու թեեւ մեր քաղաքական իրականությունում անվերջ կրկնվող դեմքեր եւ նույնանման գաղափարախոսություններ ունեցող ուժերի կարգախոսները վաղուց արդեն դադարել են կարեւոր քարոզչական նշանակություն ունենալ, այդուամենայնիվ, դրանք որոշակի ուղերձ պարունակում են կուսակցության ծրագրային առանցքների շուրջ:

Եվ այս առումով հետաքրքիր է դիտարկել, թե որ ուժը ինչ կարգախոս է նախընտրել: Արդեն հիշատակված ՀՀԿ կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», բավականին ուշագրավ է եւ ինչ-որ առումով նաեւ զավեշտալի, քանի որ մատնանշում է ՀՀԿ իշխանավարության 2 ամենակարեւոր ձախողումները՝ երկրի անվտանգության աննախադեպ մեծ սպառնալիքը /ապրիլյան պատերազմը դա ցույց տվեց/ եւ առաջընթացի բացակայությունը: Այնպես որ, թիրախային լինելով հանդերձ՝ այս կարգախոսը ընտրողի մոտ հարց է առաջացնում. իսկ ի՞նչ էր անում ՀՀԿ-ն այսքան տարի:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կարգախոսը հայտնի էր դեռեւս անցած տարեվերջին ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելութից. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Եվ պետք է նկատել, որ այն, անկախ ընդունելի կամ անընդունելի լինելուց, միանգամայն հստակորեն արտացոլում է այս ուժի ամբողջական տեսլականը՝ ՀՀ զարգացման հեռանկարի շուրջ:

Ակնկալիքների առումով բավականին տրամաբանական եւ համահունչ է նաեւ «Ելք» դաշինքի կարգախոսը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: Այլ հարց է, թե «Ելք»-ի հաղթանակը ինչ կտա ընտրողներին եւ հետագայում որքանով կդառնա նաեւ նրանց հաղթանակը: Նույն հարցը ծագում է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեպքում, որի կարգախոսն է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»: Այս դաշինքում ընդգրկված կուսակցությունների անունների կրկնությունից զատ՝ վերստին առկա է հաղթանակ բառը, եւ դարձյալ հարց է՝ թե ինչ է տալու ընտրողին այս դաշինքի հաղթանակը:

Էլ ավելի անորոշ է «Ազատ դեմոկրատների» կարգախոսը՝ «Մենք կարող ենք»: Իսկ թե կոնկրետ ինչ, մնում է միայն ենթադրել: Այս անգամ նկատելիորեն համեստ է «Ծառուկյան» դաշինքի կարգախոսը՝ «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է», դե, իսկ ամենահին կուսակցության՝ Դաշնակցության կարգախոսում նորի կամ հնի հիշատակումը, թերեւս, արդեն ավանդույթ է:

Զարմանալի է միայն այն, որ տարիներ ի վեր իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն ցանկանում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Նույնքան տարակուսելի է ՀՎԿ-ի՝ վերածննդի իդեա ֆիքսը. «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», դե, իսկ Կոմկուսն անդավաճան է իր ռեպերտուարին «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով:




Լրահոս