Պաշտոնական անփութությունից մինչև չարաշահում. երբ պաշտոնյաները մշտապես «ջրից չոր» են դուրս գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ կառավարության ղեկավարը, հետ չմնալով իր նախորդներից, տարբեր հարթակներից հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պետական կառավարման համակարգում տարբեր ժամանակներում կոռուպցիոն գործունեության մեջ կասկածվող եւ անգամ դատապարտված պաշտոնյաները ոչ միայն չեն կրում իրենց պատասխանատվությունը, այլեւ շարունակում են աշխատել եւ դեռ պաշտոնական առաջխաղացում ունենալ:

Եվ այսպես՝ ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ձերբակալվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս:

Ուշագրավ է, որ Արծրուն Նաջարյանը դատարանում հայտնել է, թե իրեն անհասկանալի է առաջադրված մեղադրանքի ծավալը: Սակայն մեղադրող դատախազը հուշել է նրան.«Ամբաստանյա՛լ, Ձեզ մեղադրանք է առաջադրված՝ 2010-2013թթ-ի ընթացքում պաշտոնեական անփութություն դրսեւորելու համար»:

Իսկ հիմա ամենակարեւորի մասին: Դեռեւս 2015թ. հուլիսին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով որոշում էր կայացվել Արծրուն Նաջարյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Սակայն ինչ-ինչ հանգամանքներում Գեւորգ Կոստանյանի կողմից հարուցված քրեական գործի հոդվածը փոխվել էր եւ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Ահա հենց այստեղ է «թաղված շան գլուխը». հոդվածի փոփոխությունը հիմք է տվել դատարանին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճեն եւ քրեական հետապնդումը դադարեցնեն, քանի որ անցել է Արծրուն Նաջարյանին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը:

Ասել է, թե քրեական հոդվածի փոփոխությունը փրկեց Արծրուն Նաջարյանին պատասխանատվությունից: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները «ջրից չոր» են դուրս գալիս:

«Ժողովուրդ»-ը փետրվարի 13-ին գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության տնտեսական բաժնի պետ Սուսաննա Սեդրակյանը նախկինում չարաշահումների համար դատապարտված է եղել, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ նա շարունակի բարձր պաշտոններ զբաղեցնել: Վերջինիս անունը բոլորին հայտնի է՝ կապած ՀՀ դատական դեպարտամենտում արձանագրված աղմկահարույց դեպքերի հետ:

Սուսաննա Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ, պաշտոնատար անձ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Գոհար Հարությունյանի, հաշվապահության աշխատակիցներ Հովակիմ Բադանյանի եւ Շուշանիկ Բանտիկյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8 միլիոն դրամը:

Արդյունքում 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սուսաննա Սեդրակյանին դատապարտել է ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ Սեդրակյանն ազատվել է պատժից:

Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք՝ մի դեպքում պաշտոնյային հաջողվում է պատասխանատվությունից խուսափել վաղեմության ժամկետի սպառման, մյուս դեպքում՝ համաներման շնորհիվ: Հենց այսպես էլ բուծվում են մանր ու միջին ձկները՝ ՀՀ պետական համակարգ կոչվող կոռումպացված ձկնաբուծարանում:

Քնար Մանուկյան




Լրահոս