Որքանով իրավունք ունի Տիգրան Սարգսյանը եվրոպացիներին մեղադրելու, որ արգելափակել են նախորդ համաձայնագրի շուրջ աշխատանքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռլինում ԵՏՄ-ի նկատմամբ գերմանական բիզնեսի վերաբերյալ հարցման շնորհանդեսին մասնակցող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին՝ նշելով, որ այն կարող է շուտով ստորագրվել: Ժամանակին Հայաստանի եվրոպական ինտեգրացման ընդգծված ջատագով, ԵՏՄ-ին անդամակցությունը աննպատակահարմար եւ անարդյունավետ համարող Տիգրան Սարգսյանը, ճակատագրի հեգնանքով, այսօր հանդես է գալիս նույն այդ ԵՏՄ-ի շահերի պաշտպանի դիրքերից: Եվ դրանով պայմանավորված էլ անում է հայտարարություններ, որոնք տարակուսանք են առաջացնում:

Նախ՝ վերստին ընդգծելով, որ Հայաստանը պետք է աշխատի ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ եվրոպական միության հետ, եւ որ այդ երկու ուղղությունները չպետք է հակադրել, Տիգրան Սարգսյանն ասել է. «ԵՄ-ը եւ Հայաստանը ստիպված էին վերստին սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակը Բրյուսելի կողմից արգելափակվել էր: Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումը ավելի կոշտացավ, այդ պատճառով մենք գործընթացը կրկին մեկնարկեցինք»:
Փաստորեն, ամբողջ երեքուկես տարի Եվրոպաական միության հետ բանակցած, տարբեր ատյաններից Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացման անընդունելիության մասին հայտարարած Տիգրան Սարգսյանը քիչ է, թե իր վերադասի հետ մեկ գիշերում փոխեց որոշումը եւ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո ձեռնամուխ եղավ ԵՏՄ-ի բացած հեռանկարների գովքն անելուն, հիմա էլ դեռ մի բան էլ մեղադրում է եվրոպացիներին, որ «կոշտացրել են իրենց դիրքորոշումը եւ արգելափակել» նախորդ համաձայնագրի շուրջ աշխատանքը:

Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ, փաստորեն, եվրոպացիները պետք է ձեւացնեին, որ ամեն ինչ կարգին է, որ ՀՀ իշխանություններն իրենց չեն խաբել, եւ շարունակեին ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքը: Այս հայտարարությունը, բացի եվրոպական կողմի հանդեպ ոչ կոռեկտ լինելուց, նաեւ քաղաքական առումով է անտրամաբանական, քանի որ ակնհայտ է, որ եթե անգամ Եվրամիությունը ձեւացներ, թե ոչինչ չի եղել եւ շարունակեր Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները /ինչը տեխնիկապես անհնար էր/, Ռուաստանն ամեն դեպքում մի ձեւ կգտներ՝ այդ գործընթացը տորպեդահարելու եւ Հայաստանին եվրոպական ծիրից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ խնդիրն ամենեւին տնտեսական չէր, այլ աշխարհաքաղաքական: Եվ ով-ով, սակայն «Իզվեստիա» թերթում Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ սահմանի բացակայությունը որպես անհաղթահարելի խոչընդոտ ներկայացրած Տիգրան Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչպես Ռուսաստանը կարողացավ մեկ գիշերում այդ խոչընդոտը շրջանցել՝ հասնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը:




Լրահոս