Այսպիսով՝ ինչպես եւ կանխատեսել էինք, Սերժ Սարգսյանը երեկ Բրույսելում հայտարարեց, որ ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցութունները ավարտվել են. «Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը»,- Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Սարգսյանը:
Այսպիսով՝ այդքան սպասված փաստաթղթի շուրջ աշխատանքների ավարտի մասին հայտարարությունն ի վերջո արվեց՝ չնայած մինչ այս հնչած տարբեր մտահոգություններին: Հիշեցնենք, որ անցած ամռանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին հրապարակավ հայտնել էր իր մտահոգությունը բանակցությունների ընթացքի շուրջ՝ ակնարկելով, որ դրանք ձգձգվում են:
Առիթ ունեցել ենք գրելու, որ Ռուսաստանի ճնշմամբ հայկական կողմը պնդում էր փաստաթղթում տարբեր վերապահումների ամրագրման մասին, մասնավորապես առ այն, որ այս համաձայնագիրը չի հակասելու ԵՏՄ-ի հետ ՀՀ ունեցած համաձայնագրերին. մի բան, որն ընդունելի եւ կիրառելի պրակտիկա չէր ԵՄ-ի դեպքում, որին, սակայն, եվրոպական կողմն, ըստ ամենայնի, գնաց: Նաեւ բավականին բարդ էին բանակցությունները համաձայնագրի տնտեսական բաղադրիչի մասով, եւ այստեղ եւս, վերջնարդյունքում Հայաստանի համար առանձնապես խոստումնալից կետեր չեն ամրագրված: Սակայն չնայած դրան՝ ինքնին այս փաստաթղթի ստորագրումը բավականին կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ մեր երկրի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ դեկլարատիվ բնույթի հայտարարության ստորագրումը ԵՄ հետ կարելի է ձեռքբերում համարել:
Ընդ որում, ուշագրավ է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարվեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Եթե հիշենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից մեկ օր անց սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, իսկ հիմա էլ, փաստորեն, նույն այդ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանական համակարգը ձեւավորող ընտրությունների նախօրեին հայտարարվում է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակային համաձայնագրի ընդունման մասին, ապա պարզ է դառնում, որ ամփոփվում է շատ կարեւոր աշխարհաքաղաքական մի ցիկլ, որից Հայաստանը, ինչ էլ որ ասենք, կարողացավ դուրս գալ մինիմալ վնասներով: