Հայկական երկու պետությունների անհամարժեք պատասխանները ադրբեջանական ագրեսիային. հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան ճակատում լարվածության մեծացման վտանգը կարծես թե ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: Եվ դրա ցուցիչը ոչ միայն եւ ոչ այնքան ադրբեջանական զինուժի կողմից արձակվող արկերի քանակն է կամ դիվերսիոն ներթափանցման փորձերը, որքան հայկական երկու պետությունների պաշտոնական հայտարարություններում շեշտադրումների փոփոխությունը: Ուշագրավ է, որ մինչ այս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ամեն առիթով շնորհակալություն հայտնող ՀՀԿ-ականները սկսեցին հրապարակավ իրենց դժգոհությունը հայտնել այդ կառույցի ոչ ադեկվատ պահվածքի առնչությամբ: Նախ՝ ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը՝ նկատի ունենալով փետրվարի 25-ին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որի հիմնական շեշտը ազերի դիակների դուրս բերման հնարավորության ընձեռնմանն էր ուղղված, մինչդեռ կատարվածը դատապարտող որեւէ բառ չկար:

Իսկ արդեն երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անատամ եւ ոչ համարժեք պահվածքին է անդրադարձել Արցախի արտգործնախարարությունը տարածած պաշտոնական հայտարարութամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլեւ միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու եւ պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ եւ հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ 2016 թ․ ապրիլին Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։

Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից եւ ընդարձակել ջանքերը հրադադարի ռեժիմի ամրապնդման համար»:

Սա, կարելի է ասել, տեւական ժամանակից ի վեր առաջին նման կոշտ հանդիմանանքն էր պաշտոնական Ստեփանակերտի կողմից՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եվ ինքնին հասկանալի է, որ այն առանց դրա համար լուրջ պատճառների եւ առավել լուրջ մտահոգությունների չէր հնչեցվի:

Ուշագրավ է, որ հենց երեկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեությանն անդրադարձավ նաեւ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ելույթ ունեցող Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաեւ կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող: Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը»:




Լրահոս