ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր» 2017 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում և արժանացել է պարգևի՝ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն:
«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում՝ հանրությանը մատչելի վայրերի մասին իրազեկելու և մատչելի ենթակառուցվածքներ ու ծառայություններ ունեցող կազմակերպություններին խրախուսելու նպատակով:
Ծրագրի շրջանակում պարգևատրված՝ տարբեր ոլորտներ ներկայացնող 10 կառույցների շարքում ևս մրցութային հանձնաժողովն առավելապես մատչելի է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններն ու շենք-շինությունները:
Կարևորելով ֆիզիկական մատչելիության, տեղաշարժման խնդիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում դրսևորել է հատուկ մոտեցում. ընկերությունը Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում գործող իր սպասարկման կենտրոնները կահավորել է մատչելի հնարավորություններով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հարմարավետությունն ապահովելու նպատակով:
«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն անց է կացվել «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության՝ ԱՄՆ պետքարտուղարության հասարակության հետ կապերի գրասենյակի ֆինանսավորմամբ, որի ընթացքում ցուցադրվել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատչելիության բաղադրիչները ներկայացնող տեսանյութ: