Մեր դիվանագիտությունն այսօր պետք է լինի ադրբեջանական քարոզչությանը սեփական օրակարգը պարտադրող, այլ ոչ թե նրանց կատարած քայլերի հետեւից վազող. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության ֆոնին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դեսպանների երեկվա այցելությունը Ստեփանակերտ բավականին ուշագրավ էր: Այս փուլում, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հայտարարում են, թե ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու միակ ձեւը բանակցությեւնների վերականգնումն է, իսկ Ադրբեջանն էլ, փաստորեն, չի ցանկանում կատարել դրա համար անգամ նվազագույն քայլերը՝ իրականացնելով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ակնհայտ է, որ կարիք կա հայկական դիվանագիտական ողջ ներուժի մոբիլիզացիայի:

Եվ այս առումով ակնկալվում էր, որ բացի միմյանց հասցեին հաճոյախոսություններ շռայլելուց եւ միմյանց կատարած աշխատանքը գովաբանելուց՝ Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը հանդես կգային առավել առարկայական հայտարարություններով եւ նոր նախաձեռնություններով: Իսկ որ մեր դիվանագիտությունը այսօր առավել քան երբեւէ պետք է լինի նախաձեռնողական, ադրբեջանական քարոզչությանը սեփական օրակարգը պարտադրող, այլ ոչ թե նրանց կատարած քայլերի հետեւից վազող, ակնհայտ է բոլորի համար: Մինչդեռ մենք վերստին լսում ենք ՀՀ ԱԳ նախարարի ինքնագոհ հայտարարություններն առ այն, որ «Բաքուն բանակցություններում տանուլ է տալիս», որ «միջնորդներն այսօր առավել քան երբեւէ կիսում են հայկական կողմի մոտեցումները», բայց դրան զուգահեռ, չգիտես ինչու, էլի ու էլի ունենում ենք նոր զոհեր, ադրբեջանական նոր դիվերսիոն փորձեր եւ այդ ամենին ի պատասխան՝ այդ նույն միջնորդների գերկրավորական հայտարարություններ:

Եվ ուրեմն ակնհայտ է, որ նմանօրինակ դիվանագիտությունը սպառել է իրեն: Իսկ երբ դիվանագիտությունը ձախողվում է, հայտնի է՝ սկսում են գործել հրանոթները: Եվ այս առումով հատկանշական էր Բակո Սահակյանի՝ ռուսական «Գազետա. Ռու»-ին տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե. «Բաքվի ագրեսիվ եւ ապակառուցողական քաղաքականության շնորհիվ ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմ է դարձել»: Այստեղ պետք էր ավելացնել, որ դա տեղի է ունեցել նաեւ ՀՀ իշխանություների ապաշնորհ քաղաքականության, իսկ երբեմն էլ ուղղակի անգործության շնորհիվ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում կայունության ապահովման մեխանիզմներին, ապա Բակո Սահակյանը, վերջին ամսվա ընթացքում արդեն որերորդ բարձրաստիճան հայ պաշտոնյան լինելով, մատնանշում է «Իսկանդեր» համակարգը: Եթե անցած սեպտեմբերին ասվում էր, որ ՀՀ զինուժն «Իսկանդերն» ուներ դեռ ապրիլյան պատերազմից առաջ, սակայն Հայաստանում չէին շտապում ««Իսկանդերով» վախեցնել» թշնամուն, ապա հիմա ՀՀ թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ԱԳՆ ղեկավարը եւ թե՛ Բակո Սահակյանն արդեն ուղղակիորեն այդ խաղաքարտն են գործարկում: Դա, իհարկե, լավ խաղաքարտ է, միայն թե ափսոս այս պահին այն միակն է ու կարծես վերջինը:




Լրահոս