ՌԴ-ն առիթ չունի դեմ լինելու. ՀՀ-ԵՄ փաստաթուղթը չի հակասում պարտավորություններին. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարելիք այցի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի հետ:

– Պարո′ն Լուկյանով, մարտի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշվում է, որ հանդիպումը նախաձեռնվում է երկու երկրնեի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում: Արդյո՞ք միայն դա է լինելու հիմնական թեման:

– Իհարկե դա  միայն առիթ է: Երբ հանդիպում են երկու երկրների ղեկավարներ, որոնք այդպես սերտ համագործակցում են, ապա նրանց միայն առիթ է պետք` տարբեր բնույթի հարցեր քննարկելու համար: Ես կարծում եմ, որ շատ հարցեր են կուտակվել` սկսած ԵԱՏՄ-ի զարգացման նախադրյալներից, վերջացրած նրանով, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում` մասնավորապես, Ղարաբաղյան կոնֆլիկտի կտրվածքով: Հայաստանի և Ռուսաստանի միջև թեմաների բնույթը միշտ հաստատուն է, միշտ կան թեմաներ, որոնց շուրջ կարելի է զրուցել:

– Իսկ ինչ եք կարծում ղարաբաղյան կոնֆլիկտը կլինի՞ հիմնական թեման, թե՞ ոչ:

– Չեմ կարծում, որ դա կլինի հիմնական թեման: Իհարկե, այդ հարցը կքննարկվի, բայց հիմնական թեման թերևս կլինի եվրասիական ինտեգրացիան:

– Ինչպես հայտնի է` Հայաստանը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Արդյոք  հանդիպման ընթացքում կարո՞ղ են ճնշումներ լինել այս առնչությամբ:

– Փաստաթուղթը, որը Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ, ոչ մի կերպ չի հակասում այն պարտավորություններին, որ Հայաստանն ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում: ՌԴ-ն  առիթ չունի դեմ լինելու: Յուրաքանչյուր երկիր այժմ ձգտում է կառուցել ավելի լայն գործընկերային հարաբերություններ: ՌԴ-ն նույնպես դա անում է, և այդ առումով կարծում եմ հարցեր չեն առաջանա:

– Այսինքն, Մոսկվան հանգի՞ստ է ընդունում այն հանգամանքը, որ Հայաստանն այդպիսի փաստաթուղթ է ցանկանում ստորագրել:

– Ես չեմ տեսնում հիմքեր դրան դեմ լինելու, քանի որ դրանք չեն հակասում այն պարտավորություններին, որոնք առկա են ԵԱՏՄ-ի կազմում լինելով: Իսկ, եթե սկսի հակասել, ապա դա խախտում կլինի և հետևանքներ նույնպես կլինեն:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս