ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձն ունի երկու երկրների քաղաքացիություն, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրա զինապարտության հարցը: Ինչպե՞ս է լուծվում ՀՀ երկքաղաքացիների ծառայության անցնելու հարցը:
Օնիկ Գեւորգյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: