Ընտրությունների բնականոն ընթացքի խաթարումը ազգային անվտանգության խնդիր է, որի շուրջ երկրի ղեկավարությունը դրսևորել է ռիսկային մոտեցում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աճի պայմաններում առավել հաճախ են հնչում պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունները: Ավելին՝ հայկական կողմը ամենատարբեր մակարդակներով, այդ թվում եւ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ նախագահի, Ադրբեջանին փորձում է սաստել «Իսկանդերներ»-ով, իսկ Սերժ Սարգսյանն էլ նախօրեին հայտարարեց, թե. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ նա մի քանի անգամ, այդ թվում եւ ԵԿՄ վերջին համագումարում էր հրապարակավ նախազգուշացրել Ադրբեջանին՝ նախընտրական փուլում զերծ մնալ որեւէ արկածախնդրությունից, հակառակ դեպքում պատրաստ լինել կոշտ հակահարվածի:

Ասել է, թե մեկնարկող նախընտրական փուլի եւ հատկապես ապրիլի 2-ի հետ կապված հայկական կողմը լուրջ մտավախություններ ունի:

Եվ այս իրավիճակում հարց է առաջանում. ինչու իշխանությունները ընտրությունները նշանակեցին հենց ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի մեկնարկի տարելիցին: Չէ՞ որ կարելի էր ի սկզբանե ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները առաջին հերթին քարոզչական նպատակներով կձգտեն հենց ապրիլյան պատերազմի տարելիցի օրը «նշելու իրենց հաղթանակը»: Եվ, ուրեմն, ինչո՞ւ թեկուզ տեսականորեն ընտրությունները հենց ապրիլի 2-ին նշանակելով՝ նրանց ընձեռվեց այդ հնարավորությունը:

Ի վերջո, այսօր որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը ռազմական լայնածավալ նոր սադրանքի չի դիմի: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյոք երկրի ղեկավարությունը մտածել է, թե այդ դեպքում ինչ կլինի համապետական ընտրությունների գործընթացի հետ: Ընտրությունների բնականոն ընթացքի խաթարումը ազգային անվտանգության խնդիր է, որի շուրջ, սակայն, երկրի ղեկավարությունը դրսեւորել է բավականին ռիսկային մոտեցում: Արդյոք դա պարզապես անհեռատեսության, թե որոշակի պահեստային կոնֆիգուրացիաների հաշվարկման արդյունք է, դժվար է ասել:

Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը ուներ հնարավորություն՝ ընտրությունների օրը փոխելու. այդ հարցում առկա էին թե՛ սահմանադրական հակասությունների, թե՛ բարոյական նպատակահարմարության փաստարկները: Նա, սակայն, հայտարարելով, թե պատրաստ է փոխել ընտրությունների օրը, վերջնարդյունքում չգնաց դրան: Տա՛ Աստված, որ ապրիլի 3-ին բոլորիս համար ակնհայտ չդառնա, թե ինչու:




Լրահոս