Քոչարյանի օրոք էլ ընտրողները «մասնակցում էին ձայների աճուրդին», սակայն մի տարբերությամբ. այս ընտրակարգով դա առավել ցցուն դրսևորումներ է ունենալու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անդրադարձել է առաջիկա ընտրություններին: Նա մասնավորապես ասել է. «Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով է՛լ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները:

Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները:

Այդպիսով՝ այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները:
Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերեւս կմասնակցեն ձայների աճուրդին»:

Անկեղծ ասած՝ դժվար է չհամաձայնել Քոչարյանի այս պնդումներին: Այն, որ ռեյտինգային ընտրակարգն իրապես մեծամասնականի առավել վայրի տարբերակն է, այլեւս ակնհայտ է դառնում բոլորի, անգամ այդ համակարգը գովերգող հանրապետականների համար: Եվ այս առումով Քոչարյանը իրավացի է, ընթանալու է քսակների կռիվ՝ զոռբայության պայմաններում:

Ընդ որում, նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ տեղին չէ ասել՝ իսկ Քոչարյանի օրոք, ինչ է, չկար քսակների կռիվ կամ զոռբայություն: Կար, ինչ խոսք, եւ, իհարկե, ընտրողները նրա պաշտոնավարման տարիներին էլ «մասնակցում էին ձայների աճուրդին», այսինքն՝ վերցնում ընտրակաշառքը: Տարբերությունն այն է, որ այս ընտրակարգով դա առավել ցցուն դրսեւորումներ է ունենալու, որոնք, սակայն, դժվար է լինելու արձանագրել:

Մի կողմից, փաստորեն, բարելավվել են ընտրական վերահսկողության մեխանիզմները, ինչը հնարավորություն է տալու կազմակերպել «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ՝ հեռարձակվող ուղիղ եթերում, մյուս կողմից, սակայն, ընտրակեղծարարությունը եռալու է ընտրատեղամասերից դուրս՝ առավել վայրի դրսեւորումներով: Արդյունքում՝ ունենալու ենք Սերժ Սարգսյանի համար ցանկալի տարբերակ՝ ի տես աշխարհի անխոցելի ընտրություններ, որոնք բովանդակային իմաստով լինելու են շատ ավելի վատը, քան նախորդ բոլոր ընտրությունները:

Դա արդեն ակնհայտ է դառնում նաեւ այն հանգամանքից, որ իսպառ բացակայում է գաղափարների մրցակցությունը, իսկ իշխող ՀՀԿ-ն էլ հայտարարում է, որ անհրաժեշտություն չի տեսնում մասնակցելու հրապարակային բանավեճերի եւ քննարկումների: Ասել է, թե ընտրողներին համոզելու կարիք այլեւս ՀՀԿ-ում չեն տեսնում. եթե մեկ է՝ կեղծելու են, էլ բանավիճում են, որ ինչ անեն:




Լրահոս