Ինչու ՌԴ-ում ՀՀ դեսպանը Սոլովյովի քննադատությանն այդքան ցավագին արձագանքեց. նրա վրդովմունքը առնվազն տարակուսելի է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը երեկ լրատվամիջոցներից մեկի միջոցով արձագանքել է ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս եւ գրող Վլադիմիր Սոլովյովի` նախօրեին Երեւանում հնչեցրած քննադատությանը: Սոլովյովը, հիշեցնենք, լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկնել էր դեռեւս անցած տարի մայիսին արած իր հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ:

«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե, գուցե, գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը»,-նախօրեին ասել էր՝ Սոլովյովը՝ կանխավ զգուշացնելով, որ իր պատասխանը դուր չի գա մեզ: Սոլովյովը, սակայն, սխալվել էր, քանի որ նրա նշված դիտարկումները մեր հանրության մեծ մասի «սրտից» էին, իսկ եթե կար մեկը, որին դրանք դուր չեկան, դա դեսպան Օլեգ Եսայանն էր:

Եվ ահա, սույն դիվանագետը, որը տարիներ շարունակ Հայաստանի ու նրա քաղաքացիների համար բազմաթիվ շատ ավելի կարեւոր հարցերի շուրջ երբեւէ հանդես չէր եկել մեկնաբանությամբ, երեկ մի երկարաշունչ պոռթկմամբ անարգանքի սյանն է գամել ռուս լրագրողին՝ նրա հասցեին հնչեցված վիճահարույց գնահատականների շարքում նաեւ պնդելով, թե Սոլովյովը «ակնհայտ ստում է»՝ ասելով, թե չի ճանաչում իրեն: Նախ ինքնին փաստը, որ Մոսկվայում դեսպանի իր կարիերան ավարտող Եսայանը, փաստորեն, պաշտոնապես հայ ազգի բարեկամ հռչակված եւ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանի արժանացած լրագրողին անվանում է «ստախոս», բավականին ուշագրավ է. ստացվում է, որ Սերժ Սարգսյանը շքանշաններով է պարգեւատրում ստախոսների՞ն: Օլեգ Եսայանը Սոլովյովի գնահատականը՝ իր մասնագիտական պասիվության մասին, որակել է որպես «անձնավորված ցինիզմի դրսեւորում», նրան համարել անձնական փառասիրության, դատավոր ու մեղադրող լինելու մոլուցք ունեցող եւ այլն, եւ այլն: Միով բանիվ՝ մասնագիտական գործունեության քննադատությանը անձնական որակումներով պատասխանող դեսպանն ընդամենը ավելորդ անգամ ի ցույց է դրել իր դիվանագիտական պատրաստվածության մակարդակը:

Չկիսելով որեւէ լրագրողի, առհասարակ, որեւէ անհատի կարծիքին երկիրը ներկայացնող պաշտոնյայի՝ դեսպանի մակարդակով արձագանքելու գործելաոճը, նկատենք, որ Եսայանի վրդովմունքը առնվազն տարակուսելի է. ի վերջո, եթե նա իսկապես ինչ-որ բան արած լիներ, ո՛չ Սոլովյովի, ո՛չ էլ որեւէ մեկի քննադատությանն այդքան ցավագին արձագանքելու կարիքը չէր ունենա:




Լրահոս