ՀՀԿ-Ի ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆՆԵՐԻ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացրել են ոչ միայն իրենց համամասնական, այլեւ ռեյտինգային թեկնածուների ցուցակները: Իշխող Հանրապետական կուսակցությունը այս հարցում առաջամարտիկ է, որի ռեյտինգային թեկնածուներից են ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանը, Ալեքսան Պետրոսյանն ու դեռեւս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Մուրադ Մուրադյանը 1999-2000թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ապա նշանակվել ՀՀ բնապահապանության նախարար: Ի դեպ, մամուլը ժամանակին գրել էր, որ Մուրադյանի՝ նախարար աշխատելու ժամանակ, երբ նրան տեղեկացրել էին, որ ֆաքս է եկել, Մուրադյանն արձագանքել էր՝ սուրճ հյուրասիրեք, մինչեւ ազատվեմ:
Մուրադյանի՝ 2012թ. ցայսօր շարունակվող գործունեությունը այնքան էլ հայտնի չէ հասարակության լայն շերտերին, քանզի նա ՀՀԿ-ի առավել չխոսկան պատգամավորներից է, որն այս անգամ էլ է առաջադրվել կրկին նույն ընտրատարածքում՝ Արարատի մարզում: Նկատելի է, որ 2012-17թթ. ընթացքում Մուրադյանը որեւէ անգամ Աժ ամբիոնին չի մոտեցել, նիստերի ժամանակ հարցապնդումներով հանդես չի եկել: Թերեւս եզակի օրինակներից է 2012թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Մուրադյանը հայտարարել էր, որ կառավարության կողմից Արարատի մարզին տրամադրված դիզվառելիքը գյուղացիներին չէր հասել: Մուրադյանը նույնիսկ խոստանում էր վերահսկողական ֆունկցիաներ ունենալու դեպքում «ջրի երես հանել» բազմաթիվ փաստեր: Այնժամ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ծրագրից օգտվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը, որի ձեռք բերած դիզվառելիքի համար վճարվել էր պետական բյուջեից:
Հիշեցնենք 2012թ. օգոստոսին Մասիս քաղաքում հնչած կրակոցների դեպքը, որին ներգրավված էր այնժամ Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին: Դալլաքյանը այնժամ հայտարարել էր, որ կրակոցների հրահրողը եղել էր ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը: Վերջինս էլ, անդրադառնալով միջադեպին, բառացիորեն հայտարարել էր. «Եթե երկրում արդարություն լինի, էդ Ավոն պետք է արեւին ռեշոտկի այն կողմից նայի: Ցավում եմ, որ մեր երկրում օրենք չկա»: Ինչ վերաբերում է Մուրադյանի օրենսդրական գործունեությանը, որը կարծես այդպես էլ չհանգեց երկրում օրենքի իշխանության հաստատմանը, ապա հարկ է հիշատակել, որ ԱԺ նիստերի ժամանակ նա կողմ է քվեարկել 839 անգամ, դեմ՝ 9 եւ ոչ մի անգամ ձեռնպահ: 109 անգամ հրաժարվելով քվեարկություններից՝ Մուրադյանը բացակայել է 8 նիստերից:
Փետրվարի 23-ին էլ Մուրադյանի հրահանգով նրա կողմնակիցները ներխուժել էին մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի շտաբ եւ դաժան ծեծի ենթարկել շտաբի պատասխանատու Սամվելին: Պատճառն այն էր, որ Գրիգորյանը պայմանավորվածություն էր խախտել եւ Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին այլ շտաբ բացել:
ՀՀԿ-ի կողմից թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) առաջադրվել է ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Վերջինս հայտնի է որպես «ՄԱՊ» ընկերության սեփականատեր: Նա 2003թ. մանդատ է ստացել ՕԵԿ-ի շնորհիվ, սակայն Արթուր Բաղդասարյանի` ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ նա լքեց կուսակցությունը: Պետրոսյանը, ինչպես բազմաթիվ ՀՀԿ-ականներ, նույնպես բարդույթ ունի ընդդիմադիր լինելու հետ եւ բոլոր ժամանակներում իշխանությունների կողքին է՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն է վարվում: Այսպես՝ 2007 եւ 2012թթ. Պետրոսյանը արդեն պատգամավոր է դարձել ՀՀԿ-ի կողմից: Ուշագրավ է, որ Պետրոսյանը ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում եւ հաշվի առնելով նրա մրցակիցների (Սեյրան Սարոյան, Առաքել Մովսիսյան եւ այլն) տպավորիչ քանակն ու տիրապետած ռեսուրսները՝ պատգամավոր դառնալու նրա հեռանկարները բավականին մշուշոտ են: Համեմատած ՀՀԿ-ի գործարար այլ պատգամավորների՝ Պետրոսյանի խորհրդարանական գործունեությունը աչքի է ընկնում այն հանգամանքով, որ նա գոնե մեկ անգամ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ ամբիոնից, իսկ 6 անգամ էլ հանդես եկել հարցապնդումներով: 44 անգամ հրաժարվելով քվեարկություններից՝ Պետրոսյանը բացակայել է ընդամենը 1 նիստից: Որեւէ անգամ ձեռնպահ չլինելով՝ նա 9 անգամ դեմ է քվեարկել, 911՝ կողմ: Ի դեպ, Պետրոսյանը, ինչպես հատուկ է ՀՀԿ-ականներին, ժամանակին կրծքով պաշտպանում էր ԵԱՏՄ մտնելու Սերժ Սարգսյանի որոշումը: Թերեւս դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Պետրոսյանը, չծանրաբեռնվելով իրավիճակի սեփական վերլուծությունն անելու բարդագույն խնդրով, իր իսկ պնդմամբ՝ միշտ հավատում է ոչ թե ընդդիմադիրների, այլ իր «նախագահի ասածներին»:
ՀՀԿ-ի կողմից Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավոր է առաջադրվել նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, որը առաջինն էր, որ 2015թ. փետրվարին Գագիկ Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի սկսած պատերազմի ժամանակ լքեց ԲՀԿ-ի նավը: Ախոյանը այդ որոշումը պատճառաբանում էր «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ լինելու հանգամանքով, քանզի, ըստ նրա, նման կարգավիճակով ինքն ընդդիմադիր գործունեություն չէր կարող ծավալել: Միաժամանակ Ախոյանը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ին մեղադրում էր ներքաղաքական ակնհայտ առճակատումների գնալու մեջ: Սույն պատգամավորը կապեր ունի արեւմտահայ շրջանակների հետ եւ թերեւս այդ հանգամանքով պայմանավորված է ստացել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու հնարավորությունը: Ախոյանին ու նրա եղբորն է պատկանում «Սպիտակ տնակ» շինարարական կազմակերպությունը: Ի դեպ, 2013թ. մամուլը բազմիցս գրեց Ախոյանի ու «Արցախբանկ»-ի բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջեւ տեղի ունեցած «ռազբորկաների» մասին, երբ վերջիններս չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ համատեղ ֆինանսական նախաձեռնություններում: Ինչ վերաբերում է Ախոյանի խորհրդարանական գործունեությանը, ապա պատկերը հետեւյալն է՝ կողմ՝ 527, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 39: Նա չի քվեարկել 116 անգամ, բացակայել է 260 անգամ: Ըստ Parliament monitoring-ի տվյալների՝ նա ԱԺ ամբիոնին չի մոտեցել, բայց 2 անգամ հարցապնդում է ներկայացրել: Ու այսքանից հետո նա կրկին հավակնում է պատգամավոր դառնալ: Բայց այս անգամ դժվար թե հաջողի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔԱՅԼՈՒՄ ԵՆ՝ ՑԵԽԱՋՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉԵԼՈՎ
Տարիներ առաջ, երբ փակվեց մայրաքաղաք Երեւանով անցնող Գետառը, մի շարք բնապահպաններ անհանգստացած բարձրաձայնում էին, որ դա իր բացասական հետեւանքներն է թողնելու քաղաքի ջրահեռացման համակարգի գործունեության վրա: Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի՝ այս օրերին մայրաքաղաքում նման իրավիճակ է ստեղծվել:
Բանն այն է, որ ձնհալի արդյունքում Երեւանի մի շարք հասցեներում ցեխաջրի կուտակումներ են նկատվում: Եւ դրանք առաջացել են շատ կարեւոր հատվածներում, ինչի արդյունքում մարդիկ չեն կարողանում փողոցն անցնել:
Անդրադառնալով այս խնդրին՝ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նշված խնդրահարույց թեմայի շուրջ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: «Այդ հարցը քննարկվել է, որին ներկա քաղաքապետարանի աշխատակիցները նշեցին, որ այդ մասով իրավիճակը բավականին լուրջ է: Մեզ մոտ ջրահեռացման համակարգը շատ վատ վիճակում է, եւ այդտեղ լուրջ ֆինանսական փոփոխություններ պետք է արվեն: Բայց հնարավորություններ չկան: Եւ չնայած դրան՝ վարար անձրեւի կամ ձնհալի ժամանակ մենք կանգնում ենք լուրջ խնդիրների առաջ: Մեր հույսը դրել ենք բնական միջոցների վրա, որ բնությունը կնպաստի ձյան հալչելուն, իսկ արեւի առկայության դեպքում ձնհալի արդյունքում առաջացած ջուրը սպառվի: Բայց, ցավոք, նման բան չի լինում»,- նկատեց բնապահպանը: Ապա մեր զրուցակիցը հայտնեց, որ Գետառի փակելը ուղղակի ճակատագրական էր Երեւանի համար. «Մենք շատ պայքարեցինք, որ դա տեղի չունենա, բայց հիմա փաստենք, որ Գետառի փակվելը նպաստեց, որ Երեւանում սելավների վտանգը բարձրանա»:
Եւ չնայած սրան՝ ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի, այլեւ մյուս վարչական շրջանների կոմունալ տնտեսության վարչության եւ բաժինների աշխատակիցները պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են նախընտրական քարոզչությամբ: Մինչդեռ դրա փոխարեն պետք է վերահսկողություն իրականացնեն կամ հետեւեն երեւանյան փողոցների սանիտարական վիճակին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԻՆՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ՀԱՆՁՆԵԼ Է
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ Սուրեն Եդիգարովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դովեղ գյուղի վարչական տարածքի Աղբանոց կոչվող տեղանքից վայրի աճած կանեփի թփերից ծխելու, ինչպես նաեւ կաթի մեջ եփելու, այն քամելու եւ խմելու միջոցով իր օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի, հավաքել է վայրի կանեփի տերեւներ: Նա դրանց մի մասը օգտագործել է, իսկ 1.12 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը պահել է իրենց տանը:
Պարզվում է՝ Ս. Եդիգարովի կինն այդ թմրանյութը 2017թ. հունվարի 7-ին կամովին ներկայացրել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Ս. Եդիգարովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 198 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Սույն հոդվածով բնութագրված արարքը պատժվում է առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Այս տարակուսելի հիմքով հարուցված քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է փետրվարի 27-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս