ԱՅԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ից կտրվի OPUS (3) երաժշտության միջազգային փառատոնի երեւանյան սեզոնի մեկնարկը: «Ժողովուրդ»-ը դրան ընդառաջ զրուցել է կոմպոզիտոր, հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման հիմնադիր-անդամ, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ Արսեն Բաբաջանյանի հետ:

-Արսե՛ն, փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2014-ին՝ Մոսկվայում: Մեկնարկից հետո ի՞նչ զգալի փոփոխություններ են գրանցվել:
-Նախ՝ այս տարի որոշեցինք փառատոնը վերաբրենդավորել: Այսինքն՝ եթե նախկինում այն կոչվում էր Երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միջազգային փառատոն, ապա այժմ՝ OPUS (տերմին, որը կիրառվում է կոմպոզիտորի ստեղծագործությունների հաջորդական համարակալման համար): Այսպիսով՝ փառատոնը նոր շունչ, ոճ ձեռք բերեց, այսպես ասած՝ update արվեց: Փառատոնն ունի նաեւ «Երեւանյան սեզոն» անունը կրող խորագիր: Սա բացատրվում է նրանով, որ OPUS-ը շարժական է՝ ելնելով փառատոնի անցկացման վայրից (առաջին երկու փառատոներն անցկացվել են Մոսկվայում, երրորդը` Երեւանում):
-Նշվում է, որ փառատոնը միջազգային է: Այսինքն՝ արտերկրից հյուրեր ենք ունենալո՞ւ: OPUS-ի՝ միջազգային համարվելու համար այլ չափանիշներ կա՞ն:
-Եթե ելնելու լինենք հենց այն հանգամանքից, որ փառատոնի ընթացքում միայն հայ հեղինակների ստեղծագործություններ չէ, որ կատարվում են, կարող ենք ասել, որ այն արդեն իսկ միջազգային է: Բացի այդ՝ ինչպես նշեցի, փառատոնը շարժական է, եւ երրորդ՝ կան հայ եւ այլազգի հրավիրյալ մասնագետներ, այդ թվում՝ արտերկրում գործող մեր հայրենակիցները, Լեոպոլդո Սիանոն, Դեսիսլավա Բոբրինան, որոնք իրենց հետ կբերեն արտասահմանյան արդի մշակույթի շունչը: Մեր փառատոնի միջոցառումների մեծ մասն ունի խորագիր՝ «Հայ-գերմանական շարք», եւ սա պատահական չէ. համերգային ծրագիրը կազմելուց առաջ մեր գեղարվեստական խորհուրդն ի սկզբանե որոշել է, որ հեղինակները, որոնց ստեղծագործությունները կհնչեն փառատոնի շրջանակում, պետք է լինեն մերօրյա կոմպոզիտորներ՝ հայ կամ գերմանացի (նման զուգահեռները համերգներում ընդունված ձեւաչափ են), բացի այդ՝ կարող են հնչել դասական հեղինակի ոչ հայտնի ստեղծագործություններ կամ դասական, բայց ոչ հայտնի կոմպոզիտորների գործեր:
-Հետաքրքիր է՝ փառատոնը պետության կողմից հովանավորվո՞ւմ է:
-Ո՛չ, մենք պետական կառույցների չենք էլ դիմել: Փառատոնի կազմակերպիչներն են հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորումը եւ ARTCONCEPT միջազգային ասոցիացիան, իսկ գլխավոր աջակիցն է հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
-Գիտենք, որ նպատակ ունեք համախմբել երիտասարդ երաժիշտներին, նպաստել վերջիններիս համագործակցությանը արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների հետ, փառատոնի շրջանակում նախատեսված է, օրինակ, հանդիպում Ձեր եւ գրող Արամ Պաչյանի հետ: Հնարավո՞ր է, որ այս ընթացքում համագործակցություններ ծնվեն:
-Հանդիպումը տեղի է ունենալու Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ուստի արվեստի ճյուղերի հետաքրքիր եռամիասնության արդյունք է սպասվում: Ես կոմպոզիտոր եմ, որը խոսելու է Պաչյանի գրքերի մասին, ապա քննարկումը շարունակվելու է ներկաների եւ գրողի միջեւ, բայց առաջնային նպատակը պարզապես լինելու է միմյանց հետ ծանոթանալը, կարծիքների, մտքերի փոխանակումը, ոչ թե, այսպես ասած, միմյանց ստիպելը, որ համագործակցություն լինի:
-Իսկ Դուք ի՞նչ ռեսուրսի կարիք ունեք:
-Նախ՝ կարիք ունենք, որ մեզ չխանգարեն եւ երկրորդ՝ կազմակերպչական հարցերը Հայաստանում դժվար են իրականացվում: Մեզ մոտ գրավոր պայմանավորվածությունները կա՛մ չեն գործում, կա՛մ գործում են դանդաղ ու անհստակ: Օրինակ՝ համերգասրահ վարձելու դեպքում անորոշ ժամանակով սպասում ենք պատասխանի, կամ եթե նույնիսկ մերժում են, չենք իմանում այդ մասին:
-Փառատոնը մեր մարզերում անցկացնելու հեռահար ծրագրեր ունե՞ք:
-Մենք նախկինում մարզերում իրականացրել ենք կրթական ծրագրեր, համերգներ ենք ունեցել, այնպես որ, շատ ենք կարեւորում այդ ամենը: Շատ կցանկանայի, որ այս փառատոնը անցկացվեր, օրինակ, Գյումրիում:
-Փառատոնի մուտքը բոլորի համար ազա՞տ է:
-Այո՛, քանի որ առաջին անգամ է այն Երեւանում անցկացվում, ուզում ենք, որ հատկապես ուսանողների համար խոչընդոտներ չստեղծվեն: Կուզենայի, որ երեւանյան հասարակությունը ավելի շատ զբաղվեր, հետաքրքրվեր արվեստով. գուցե սա մեզ քաղաքի ներսում մեկ այլ, ավելի ներդաշնակ, սիրո առկայությամբ իրականություն ստեղծելու հնարավորություն ընձեռի: Աստիճանաբար համոզվում ենք, որ գաղջ մթնոլորտը մեզ մոտ փոխել հնարավոր չէ, ուրեմն մնում է դրան զուգահեռ ստեղծել այլ իրականություն, որի մաս կազմող մարդկանց թիվը կավելանա եւ օրինակ կլինի չկողմնորոշված զանգվածի համար, գուցե նաեւ դառնա մեծամասնություն եւ ճնշի գաղջ մթնոլորտի ներկայացուցիչներին:

 

 

 
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»

«Ժողովուրդ»-ը «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս կողմնորոշվել է, թե ինչպիսին պետք է լինի իր դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ արդյոք նա վստահություն ունի ձեւավորված դաշինքների նկատմամբ:

«Ես շատ հստակ կողմնորոշված եմ եւ գիտեմ, որ ընտրությունները միայն վնասում են մեր երկրին: Շատ ցավում եմ, որ հիմա նոր օրենքի համաձայն՝ հանված է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը: Ես կողմնակից եմ այն բանին, որ որեւէ մտավորական որեւէ գործընթացի չխառնվի: Մտավորականը պետք է լինի ազգային արժեհամակարգի ճարտարապետը, իսկ քաղաքական գործիչը՝ նրա աշխղեկը: Այնինչ՝ մենք հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես է տգետ եւ «քաղաքական շինարարությունից» ոչինչ չհասկացող աշխղեկի ձեռքի տակ մտավորական-ճարտարապետ աշխատում: Մեր լավագույն մտավորականները (հետո սկսում ես կասկածել՝ այդպես է, թե ոչ) սկսում են գովերգել տգետ մի աշխղեկի՝ ընդամենը օրվա հաց աշխատելու մոլուցքից կամ ինչ-ինչ նկատառումներից դրդված»,-մեկնաբանեց պարոն Գինոսյանը:
Նա մտավորականությանը կոչ արեց հեռու մնալ ցանկացած տեսակի ընտրական գործընթացից. «Ինքս լինելով Նժդեհի, բայց ոչ Հանրապետական կուսակցության գաղափարների կողմնակիցը, ասում եմ, որ եթե նույնիսկ Նժդեհը վերակենդանանար եւ իր թեկնածությունն առաջադրեր, հարազատ եղբորս էլ խորհուրդ չէի տա՝ ում օգտին քվեարկեր»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ոչ թե պետք է ուշադրություն դարձնել, թե կուսակցություններից որը այսօր ինչ խոստում է տալիս, այլ թե որը ինչ արժեհամակարգի համապատասխան չափանիշներով է գործել եւ գործում. «Ես չեմ տեսնում քաղաքական որեւէ ուժ, որը խոսում է քաղաքացու տեսլականի մասին, այսինքն` թե ինչ արժանիքներ պետք է ունենա Հայաստանի քաղաքացին, ինչ նպատակների նա պետք է ծառայի: Որովհետեւ եթե մենք չունենք քաղաքացի, նշանակում է՝ չունենք եւ ապագա, պետականություն: Որեւէ կուսակցություն այս թեմայով չի խոսում: Բոլորը խոսում են իրավական խախտումներից, որոնք, իհարկե, շատ են մեր երկրում: Բայց կարծում եմ՝ հարկավոր է խոսել նաեւ այն մասին, թե ինչպես դաստիարակել հազարամյակների մարտահրավերներին դիմակայելու ունակ Հայաստանի քաղաքացի: Այնպես որ, ընտրություններին մասնակցելը անշնորհակալ գործ է, ես փոփոխության ակնկալիքներ չունեմ»,-եզրափակեց պարոն Գինոսյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
15 ՀԱԶԱՐ ՏՈՄՍ Է ՎԱՃԱՌՎԵԼ
Մայիսին Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն արդեն շուրջ 15 հազար տոմս են վաճառել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն: «Փետրվարի 14-ին սկսվեց տոմսերի պաշտոնական վաճառքը. առաջին տոմսը գնեց «Եվրատեսիլ-2004»-ի հաղթող մեր Ռուսլանան: Վերջին հաշվարկներով` վաճառվել է 14 հազար 951 տոմս աշխարհի 52 երկրների համար»,-ասել է նա Ուկրաինայի խորհրդարանում կառավարությանը տրվող հարցերի ժամին: Կիրիլենկոյի խոսքով՝ տոմսերի 52 տոկոսը ձեռք է բերվել Ուկրաինայում, իսկ 48 տոկոսը` արտասահմանում: Ամենից շատ տոմսեր վաճառվել են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ` թողարկվել է 70 հազար տոմս: Ամենաէժան տոմսերն արժեն 8 եվրո, ամենաթանկերը` 500 եվրո: «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան Կիեւում` մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը` մայիսի 13-ին:

 

 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Այս մասին Ria.ru-ին հայտնել է դերասանի կինը` Գիտանա Լեոնտենկոն. «Նա հիվանդանոցում է, բայց իրեն արդեն լավ է զգում: Հուսով եմ, որ շուտով տանը կլինի»: Բատալովը ծնվել է 1928-ին: Նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում, նրա ամենահայտնի դերերից մեկը Գոշան է` Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում:

 

 

ՏԱՐՎԱ ՄԱՐԴԱՍԵՐԸ
Երգչուհի Ռիհանան Հարվարդի համալսարանի կողմից ճանաչվել է «Տարվա մարդասեր»` իր կատարած բարեգործության շնորհիվ: Նա հայրենի Բարբադոսում գերժամանակակից ուռուցքաբանական կենտրոն է կառուցել, որտեղ հիվանդներին բուժելուց զատ` բժիշկներն ու գիտնականները քաղցկեղի բուժման ուղղությամբ հետազոտություններ են անցկացնում: Ռիհանան «Peter J. Gomes Humanitarian Award» հատուկ մրցանակը կստանա հաջորդ երեքշաբթի կայանալիք արարողության ժամանակ:




Լրահոս