Մարտի 9-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնապես հրաժարական տվեց, փոխանցում է Rusarminfo-ն:
Եսայանը դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր ներկա գտնվողներին աջակցության համար և իր հաջորդողին հաջողություններ մաղթել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչով կզբաղվի 70-ամյա Եսայանը: Լուրեր են պտտվում, որ նա կարող է կրկին նշանակվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնում:
Օլեգ Եսայանը Մինսկից Ռուսաստան է մեկնել 2010թ.: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում աշխատել է 4 տարի:
Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան կդառնա ռուսական մասնավոր «Եվրասիական մեդիա խումբ» ընկերության ղեկավար և դիվանագետ Վարդան Տոհանյանը:
Ակնկալվում է, որ Տոհանյանի նշանակման մասին համապատասխան հրամանագիրը կստորագրվի վաղը՝ մարտի 10-ին:
Հ.Գ. Այսօր վաղ առավոտից ArmLur.am-ը փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից: Մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության որևէ աշխատակից չպատասխանեց մեր հարցերին: Իսկ մամուլի խոսնակը գործուղումների մեջ է: