Մինչ նախընտրական այս փուլում քաղաքական ուժերն ու հանրությունը համակված են քարոզչական գործընթացներով՝ հնչում են ամենատարբեր խոստումներ /հիմնականում Նյու Վասյուկիի ժանրից/, մրցակիցների միջեւ ընթանում են ֆիզիկական եւ հրապարակախոսական փոխհրաձգություններ, ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ՝ այդպես էլ հանրային դիսկուրսի թեմա չի դառնում այն, թե ինչ է արել Հայաստանն անցած մեկ տարվա ընթացքում՝ նոր ապրիլի կրկնություն թույլ չտալու համար: Մինչդեռ բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են «դասեր քաղելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները, զգուշացումները՝ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, հանձնարարականը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական փոխգործակցության պայմանագիր մշակելու շուրջ, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու եւ, առհասարակ, բոլորովին նոր որակի եւ նոր սկզբունքների վրա հիմնված բանակցային առաջարկություններ ձեւակերպելու վերաբերյալ:
Անցած մեկ տարվա ընթացքում այդ բոլոր քայլերից որեւէ մեկը չիրագործվեց. մի մասը պատեհության հետ կապված՝ իրավիճակի փոփոխության արդյունքում, մյուս մասը, սակայն, անհետեւողականության եւ պարզապես անգործության հետեւանքով: Հատկապես Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու եւ նոր սկզբունքների վրա հիմնված բանակցային գործընթաց սկսելու առումով ջանքերը, կարելի է ասել, գրեթե զրոյական էին: Մինչդեռ ապրիլյան պատերազմը դրա համար լուրջ հնարավորություն էր ստեղծել:
Նախօրեին ռուս վերլուծաբան Դենիս Դվորնիկովը «168.Ժամ»-ին տված հարցազրույցում այս կապակցությամբ բավականին ուշագրավ հարցադրում է կատարել: Անցած ապրիլից հետո ստեղծված իրավիճակը գնահատելով որպես հայկական կողմից բաց թողնված հնարավորություն՝ նա ասել է. «2016թ. ապրիլը ազատեց Երեւանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսելու բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաեւ ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվա՞ն է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, չլուծել սեփական խնդիրները, եւ հենց ինչ-որ այլ բան լինի, մատնանշել Կրեմլին»:
Եվ իսկապես՝ դժվար է չհամաձայնել այս դիտարկումների հետ: Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նրա կամքն իրագործող Էդվարդ Նալբանդյանի, այդպես էլ կես քայլ անգամ չարեց՝ իրավիճակը զրոյական կետից շարժելու համար, փոխարենը գործընթացը «լռվեց» Վիեննայում ձեռք բերված, սակայն այդպես էլ չիրագործվող պայմանավորվածությունների վրա: Եթե օգտագործենք Դվորնիկովի ձեւակերպումը՝ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ազատ արձակված ձեռքերը Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն ուղղակի ծալեցին՝ սպասելով հաջորդ ապրիլին: