ՖՈՏՈ. Սահմանամերձ Մոսեսգեղի մանկապարտեզում գործարկվել է արևային ջրատաքացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մշտական ուշադրության կենտրոնում են։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագիծը թույլ կտա էականորեն նվազեցնել գյուղի և բնակիչների կոմունալ ծախսերը և ակտիվացնել համայնքային կյանքը։

Նախագծի շահառուներից է Մոսեսգեղ համայնքը. սահմանամերձ գյուղի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգ:

Դեռևս 2008թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցներ էր հատկացրել գյուղի գրեթե ավերված մանկապարտեզի հիմնանորոգման համար: Համայնքի ծախսերը նվազեցնելու նպատակով, այս տարի նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ շենքի ջեռուցման համակարգը համալրվել է 33 ԿՎտ հզորությամբ և 400լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաքով և արևային ջրատաքացուցիչ համակարգով։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը և բնակիչները:

«Արևային ջրատաքացուցիչների գործարկումը շահավետ է մի քանի տեսանկյունից: Նախ՝ սա մի լուծում է, որը կիրառելի է բնակլիմայական տարբեր պայմաններ ունեցող մարզերում: Երկրորդ՝ ջրատաքացուցիչները նպաստում են համայնքների ծախսերի կրճատմանը: Արդյունքում շահում են բնությունը, սահմանամերձ համայնքն ու քաղաքացին: Պետք է նշեմ, որ մեր ծրագրերի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. ռազմավարություն, որը որդեգրել ենք դեռ 11 տարի առաջ՝ վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում մեր օրինակին հետևելու են նաև այլ կազմակերպություններ: Այսօր արդեն տեսնում ենք, որ այս ռազմավարությունը հոգեհարազատ է դարձել շատերին, ինչն անչափ ուրախալի է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոսեսգեղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին (1780-թ.-ին): Առաջին բնակիչներն այստեղ եկել են Արցախից: Ըստ ավանդազրույցի, գյուղը կոչվել է իր քաջարի զավակներից մեկի՝ Մովսեսի անունով:

Ներկայումս Մոսեսգեղն ունի շուրջ 2000 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, խաղողագործությունն ու պտուղ-բանջարեղենի մշակումը:

Մոսեսգեղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան և մանկապարտեզ։

Համակարգի գործարկումը մանկապարտեզում տաք ջրամատակարարում կապահովի ամբողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Համակարգը գրեթե 40 տոկոսով կնվազեցնի գյուղի բյուջեից մանկապարտեզի ջեռուցման համար կատարվող ծախսը։




Լրահոս