Բարձր պաշտոններում հայտնվելու համար դրական նախապայմանն օֆշորային սկանդալներում ներգրավված լինե՞լն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը: Թե ինչպիսի դեսպան է եղել Օլեգ Եսայանը եւ որքանով է արդյունավետ եղել նրա՝ անցած 7 տարիների պաշտոնավարումը Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մինչ այդ էլ՝ Բելառուսում /2006-2010թթ/, առիթ ունեցել ենք գրելու: Հաշվի առնելով հատկապես Բելառուսում վերանշանակվելու մասին խոսակցությունները՝ ընդգծենք, որ դրական բան Եսայանի դիվանագիտական գործունեությունում, մեղմ ասած, դժվար է հիշել:

Այսօր, սակայն, առավել կարեւոր է այն հարցը, թե ով է Ռուսաստանում Եսայանին փոխարինողը: Հանրությանը, լրատվական շրջանակներին եւ անգամ քաղաքական դաշտին Վարդան Տողանյան անուն-ազգանունը ոչինչ չի ասում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տողանյանը կադրային դիվանագետ է: Դեսպանի պաշտոնում նշանակման օրն իսկ նախանձելի օպերատիվությամբ «Վիքիպեդիայի» էջում նրա կենսագրականում կատարված նշումը, որ Տողանյանը հանդիսանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը, ինչ խոսք, բավականին խոսուն է: Նույն այդ էջի, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, սակայն, Վարդան Տողանյանի դիվանագիտական գործունեությունը ծավալվել է 1992-2000թթ.՝ Մոսկվայում ՀՀ ներկայացուցչության գլխավոր մասնագետից մինչեւ դեսպանության խորհրդականի պաշտոնների շրջանակներում: Իսկ ահա վերջին առնվազն 17 տարիներին Տողանյանը զբաղվել է բիզնեսով եւ, կարծես թե, բավականին հաջողակ:

Ի թիվս նրա՝ պաշտոնապես ներկայացված բիզնես գործունեության՝ /Տողանյանը նաեւ «Եվրասիական մեդիախումբ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է/ ռուսական մամուլը նախօրեին հիշեցնում էր, որ Տողանյանի անունը ներառված է օֆշորային հայտնի պանամական փաթեթում, բացի այս՝ ՀՀ նորաթուխ դեսպանը հանդիսանում է ադամանդագործական «Շողակն» ընկերության բաժնետերը:
Այսպիսով՝ մի բիզնեսմենին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում գալիս է փոխարինելու մեկ այլ բիզնեսմեն:

Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանի համար կարեւորագույն այս երկրում դեսպանի համար չկար այլ՝ առավել արժանավոր եւ իր դիվանագիտական փորձառությամբ համապատասխան թեկնածու, միթե այսուհետ դեսպանի պաշտոնում նշանակվելու, ապա էլ ավելի բարձր պաշտոններում հայտնվելու համար դրական նախապայման է դիտվում օֆշորային սկանդալներում ներգրավված լինելը /Տիգրան Սարգսյանն էլ, հիշեցնենք, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպանն էր, հիմա էլ ԵՏՀ նախագահն է/, եւ, վերջապես, արդյոք Վարդան Տողանյանին ճանաչում է Սոլովյեւը:




Լրահոս