Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում դիրքորոշո՞ւմ հայտնելու, թե՞ դիրքորոշում լսելու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջովին տրվել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությանը, ՀՀԿ ցուցակում չընդգրկված Սերժ Սարգսյանը աշխարհաքաղաքական կարեւոր երթուղիներում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մի երկրից՝ Ֆրանսիայից, վերադառնալուց օրեր անց՝ այսօր նա երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան՝ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր: Եվ որ չափազանց ուշագրավ է՝ հենց այսօր պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Այս հաջորդական այցերը, փաստորեն, այս փուլում փոխարինում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին, որոնք անցած ամռանից՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, այդպես էլ հնարավոր չի լինում վերստին կազմակերպել: Եվ հենց այս առումով առավել կարեւոր է դառնում նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսուա Օլանդի կատարած շեշտադրումը՝ հետաքննության մեխանիզմների կիրառման եւ հրադադարը խախտող կողմին պատժելու անհրաժեշտության մասին: Թե այս հարցի շուրջ ինչ հայտարարություն կանի Օլանդը Ալիեւի հետ հանդիպումից հետո, թերեւս կուրվագծի Սարգսյան-Օլանդ, ապա Օլանդ-Ալիեւ քննարկումների արդյունքը: Իսկ ինչ են քննարկելու Վ. Պուտինն ու Ս. Սարգսյանը Մոսկվայում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի խնդիրն օրակարգային է, այլ հարց է՝ Սարգսյանը Մոսկվա է մեկնում դիրքորոշո՞ւմ հայտնելու, թե՞ դիրքորոշում լսելու: Եթե Ֆրանսիայում նա, ըստ ամենայնի, հրավիրված էր դիրքորոշում հայտնելու համար, որը հաջորդիվ պիտի քննարկվեր Փարիզ շտապող Ալիեւի հետ, ապա Մոսկվայում Սարգսյանին, ըստ ամենայնի, ներկայացվելու է որոշակի դիրքորոշում՝ ավելի վաղ Ալիեւի հետ քննարկված կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մոսկվա այցելած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դադարեցված է: Սա շատ հստակ ուղերձ էր, որին կարճ ժամանակ անց հրապարակավ արձագանքեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ բառացիորեն կրկնելով Մամեդյարովի հայտարարությունը՝ սակայն բանակցությունների դադարեցման մեջ մեղադրելով Ադրբեջանին: Հակամարտող երկու պետությունների արտգործնախարարների կողմից բանակցությունների դադարեցման մասին երբեւէ նման հրապարակային եւ միաժամանակյա հայտարարություն չէր եղել, եւ դա չափազանց մտահոգիչ է:

Քանզի, ինչպես հայտնի է, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Եվ Ալիեւի ու Սարգսյանի՝ այս միմյանց հաջորդող այցելությունները քաղաքական կենտրոններ, ըստ ամենայնի, միտված են չեղարկելու այդ այլընտրանքի իրագործումը: Կհաջողվի դա արդոք, պարզ կդառնա թերեւս ամենակարճ առաջիկայում: Համենայն դեպս, ապրիլը մոտենում է ամենամռայլ կանխազգացումներում հանդերձ:

Հ. Գ. Եվ, այնուամենայնիվ, այդպես էլ մութ մնաց հարցը, թե ինչու Սերժ Սարգսյանը չգլխավորեց ՀՀԿ-ի ցուցակը:




Լրահոս