Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան վենդետա: Ինչո՞ւ, որովհետեւ մարտի 12-ին Ջրառատ համայնքում դաժան ծեծի էր ենթարկվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը, որը ստիպված էր եղել օդ կրակել: Երեկ էլ Երանոսյանները ծեծի են ենթարկել 3 գյուղացու:
Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ՀՀԿ ղեկավար Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան -Րաֆֆ -Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Գետնին տապալված ոստիկանության աշխատակից Լեռնիկ Երանոսյանը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ էր արձակել: ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներին հաջողվել էր նրա ձեռքից խլել ատրճանակը: Երանոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էր «Նաիրի» ԲԿ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ միջադեպից հետո Սեյրան Օհանյանը զրուցել է Լեւոն Երանոսյանի հետ, ներողություն խնդրել նրանից եղբոր ծեծի առիթով՝ ասելով, որ մնացածը թող իրավապահները պարզեն: Ինչպես նկատում ենք՝ ներողությունը տեղ չհասավ, եւ ջրառատցիները չթողեցին ՕՐՕ-ի համակիրներին մարսել ՀՀ փոխոստիկանապետի եղբոր ծեծը:
Երեկ Ջրառատ համայնքի դպրոցականների միջեւ վիճաբանություն էր եղել, որին ավելի ուշ խառնվել էին նաեւ ծնողները, եւ երկաթյա ձողերով ու այլ իրերով սկսել էին միմյանց ծեծել, որից հետո դարձյալ կրակոց էր հնչել: ՕՐՕ-ի համակիրներից 3 հոգի` Արայիկ Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը, որոնք ազգականներ են, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել. մեկը՝ հրազենից, երկուսը՝ երկաթե ձողերից. նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 3-ի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: ՕՐՕ դաշինքի տարածած հայտարարության համաձայն՝ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների լուռ հայացքի ներքո:
Այս իրավիճակում ամենաուշագրավն այն է, որ ՕՐՕ դաշինքը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ միջադեպի կիզակետում էր ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, իսկ թե ինչպես էր նա հայտնվել դեպքի վայրում, դեռեւս պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը ձկան նման լուռ է եւ չի պարզաբանում փոխոստիկանապետի մասնակցությունը:
Օրվա վերջում ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի մասով ինքնաձիգից կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է Ջրառատի բնակիչ Տիգրան Սարգսյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 112-րդ (առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել) 258-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք ձեռք բերել, իրացնել) հոդվածների հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ջրառատում այս օրերին տեղի ունեցածը բավականին խորը արմատներ ունի: Սեպտեմբերին Ջրառատ համայնքում կայացել է համայնքի ղեկավարի ընտրություն, որին մասնակցել են ՀՀ փոխոստիկանապետ Լ. Երանոսյանի ազգական, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը եւ Մելիք Մելքոնյանը:
Ընտրություններում հաղթել է Սամվել Գալստյանը, ու երկու թեկնածուների միջեւ լարված հարաբերությունները դեռ շարունակում են եւ ավելի թեժացել խորհրդարանական ընտրությունների շեմին: Բանն այն է, որ Մ. Մելքոնյանը, որը համայնքում հայտնի է Ապո ածականով, ՕՐՕ դաշինքի համակիրներից է, եւ մարտի 12-ին հենց նրան պատկանող բենզալցակայանում է ծեծի ենթարկվել Լեռնիկ Երանոսյանը, իսկ երեկ՝ մարտի 14-ին, «էրեբունի» ԲԿ տեղափոխված անձինք նրա բարեկամներն են: Ասել է, թե Ջրառատում տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռեւս ՏԻՄ ընտրություններից առաջացած ներքին վրեժն է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը ՀՀ իրավական համակարգում խառնաշփոթ է ստեղծել, բարձրացվել է անգամ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը:
Տաթեւ Հարությունյան