Սերժ Սարգսյանի ուշագրավ առաջարկը Մոսկվային. համագործակցության նոր ծրագիրը բացահայտված է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Իզվեստիա» պարբերականում երեկ հրապարակվել է Սերժ Սարգսյանի «Անվտանգություն եւ ժողովրդավարական զարգացում» վերնագրով ծավալուն հոդվածը: Ի թիվս հայ-ռուսական համագործակցության անցյալի, ներկայի եւ հնարավոր ապագայի մասին հոդվածագրի այլ մտքերի՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի Սերժ Սարգսյանի հնչեցրած հետեւյալ առաջարկությունը. «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նշանակալի իրադարձություն է եղել 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ դիտարկվել են դրա ռազմատեխնիկական արդիականացման եւ սպասարկման արդյունավետության բարձրացման խնդիրները։

Դրանց լուծման համար նպատակահարմար է հայկական եւ ռուսական կողմերի միջեւ Գյումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման շահագրգռված քննարկումը: Այդ համալիրի բազմապրոֆիլ մասշտաբը անհրաժեշտ է հաշվարկել այնպես, որ այն 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ՝ դառնա Ռուսաստանին եւ Հայաստանին սահմանակից պետությունների միջեւ գործնական ռազմատեխնիկական համագործակցության հաստատման պլատֆորմ՝ Ռուսաստանի Դաշնության համար ավանդական սպառազինությունների շուկա ելքով:

Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը նաեւ կծառայեր որպես գործոն ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար», – նշել է Սարգսյանը:

Այսպիսով՝ Մոսկվա մեկնած Սերժ Սարգսյանը հնչեցնում է հայ-ռուսական նոր ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման առաջարկություն եւ կոչ անում համատեղ շահագրգիռ քննարկման»:

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով տպագրված այդ հոդվածը, փաստորեն, բացահայտում է ներկայումս քննարկվող հայ-ռուսական համագործակցության նոր ծրագրի մասին, որի իրագործումը, բարձրացնելով Գյումրիում ռուսական ռազմաբազայի արդյունավետությունը, միեւնույն ժամանակ է՛լ ավելի է մեծացնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Ինքնին հասկանալի է, որ ռազմաբազային կից պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծումը ամրապնդելու է ռազմաբազայի գործունեությունը եւ հիմք է դառնալու վերջինիս գործունեության երկարաձգման համար՝ արդեն 2044թ-ից հետո, երբ կլրանա պայմանագրով սահմանված 49-ամյա ժամկետը:

Արդյոք այդ առաջարկությունը բխում է Հայաստանի շահերից՝ դժվար է տալ միանշանակ պատասխան, սակայն ուշագրավ է, որ այն հնչեցվում է Հայաստանի՝ Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունից կարճ ժամանակ անց:




Լրահոս