ՖՈՏՈ. Ամուր տանիք՝ ևս հինգ ընտանիքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարանային խնդիրն ուղղակիորեն անդրադառնում է հասարակության կենսամակարդակի և բարեկեցության վրա: Տարիներ շարունակ, սոցիալական ներդրումներ կատարելով և կառավարման պատասխանատու մոդելի կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձել է նպաստել երկրի կայուն զարգացմանը, աղքատության ցուցանիշի կրճատմանը և ընտանիքների՝ արժանապատիվ պայմաններում ապրելու ձգտմանը: Գործընկեր կառույցների հետ տարբեր ծրագրերի իրականացումն այդ ռազմավարության մի մասն է կազմում:

Հինգ տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հայաստանում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 333 մլն դրամ:

Համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում, միայն  2016 թվականին բնակարանի խնդիր է հաղթահարել 42 ընտանիք:

Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով հանդիպել են Արագածոտնի մարզի Զարինջա, Կաքավաձոր և Ավան համայնքների շահառու ընտանիքներին: Այս մարզում ծրագրից օգտվել է հինգ ընտանիք: Կողմերի աջակցության արդյունքում՝ ավարտվել է 4 կիսակառույցի շինարարություն: Հիմնովին փոխվել են ևս մեկ տան տանիքն ու պատուհանները: Զարինջա գյուղում բնակվող Ավետիսյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը երկրաշարժից հետո ապրել է վագոն-տնակում. այստեղ են ծնվել ու հասակ առել Ավետիսյանների երեք որդիները:

«Վագոն-տնակը դարձել էր տան մասին մեր պատկերացումների սահմանը: Հույսը, որ երբևէ այս կիսակառույցի շինարարությունը կավարտվի, և մենք էլ քարե կացարան կունենանք, կարծես, մարում էր: Այժմ նոր ենք սովորում ապրել. նախկինում միայն գոյության կռիվ էր: Հիմա հնարավոր է թվում անգամ անհնարինը: Թող յուրաքանչյուր ընտանիք զգա տուն ունենալու բերկրանքը: Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու համար: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գարեգինը:

«Ամեն ինչ ունի իր ռեզոնանսը. դրական հույզերը լավատեսություն են ծնում, բացասականները՝ հիասթափություն: Այս համատեղ ծրագրի նպատակը վաղվա օրվա նկատմամբ հավատ արթնանցելն է, միաժամանակ՝ պատասխանատու արժեհամակարգ փոխանցելը: Անչափ կարևոր է, որ մեր հայրենակիցներն զգան, որ  մենակ չեն իրենց հոգսերի մեջ: Այդ հավատն անհրաժեշտ է կայացած երկիր ունենալու համար: Հոգսերի մեջ մեկուսանալու փոխարեն, մարդը սկսում է հավատալ իր ուժերին, ձևավորում բարձր ինքնագնահատական և դառնում է առավել պատասխանատու՝ երկրին օգտակար լինելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կաքավաձոր համայնքում բնակվող Խաչատրյանները ևս տարիներ շարունակ ապրել են վագոն- տնակում: Այստեղ նույնպես պատմությունն առանձնապես չի տարբերվում: Ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ամռանը՝ շոգ վագոն-տնակը, ցավոք, երկու որդիների համար տարիներ շարունակ տան միակ նախատիպն է եղել:

«Մեծ որդիս անցած տարի վերադարձավ զինվորական ծառայությունից, մյուսը հիմա սահմանն է պաշտպանում և դեռ չի տեսել մեր նոր տունը: Տարիներ շարունակ փորձել ենք քարը քարին դնել, սակայն այդպես էլ հաջողության չենք հասել ու, հավանաբար, չէինք էլ հասնի, եթե չլիներ այս ծրագիրը: Հրաշք էր, որ կատարվեց մեզ հետ. անհնարինը դարձավ հնարավոր: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մելքոնը:

«Մարդկային էության ամենակարևոր առանձնահատկությունը կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու կարողությունն է: Ընդ որում՝ ոչ թե այն ժամանակ, երբ հարմար է, այլ՝ երբ անհրաժեշտ է: Հինգ տարվա  ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 135 ընտանիքի՝ երջանկության ու ապագայի հանդեպ լավատեսության զգացում փոխանցելով 677 մարդու: Հպարտ ենք մեր գործընկերության համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են նաև Ավան համայնք, որտեղ անցած գարնանը համատեղ շինարարական աշխատանքներ էին իրականացնում: Այս համայնքում ավարտվել է երկու կիսակառույցի շինարարություն:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս