Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց «վունդերկինդ» տնտեսագետներով կարձագանքե՞ն Պուտինի հնչեցրած ուշագրավ առաջարկին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել. «Առեւտրի հետագա ընդլայնման եւ դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է ՌԴ նախագահը:
Թե ինչ է սա նշանակում, ինչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների առեւտրային հարաբերությունների վրա, արդյոք խոսքը միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով փոխհաշվարկների մասին է, թե դա վերաբերելու է նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների փոխհաշվարկներին, առայժմ պարզ չէ:

Ինչպես հայտնի է՝ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ի ստեղծման օրվանից ի վեր մի քանի անգամ խոսել է մեկ միասնական արժույթի անցնելու անհրաժեշտության մասին: Անգամ ներկայացվել են տարբեր տարբերակներ՝ սկսած ռուբլու գոտուն անցում կատարելուց, ավարտած «տենգեի» միասնական կիրառումից: Այդ բոլոր առաջարկությունները, սակայն, մնացել են հայտարարությունների մակարդակում. ԵՏՄ ֆինանսական պատասխանատուները հատարարել են, որ անգամ մեծ ցանկության դեպքում դա առայժմ հնարավոր չէ, եւ նման գործընթացի իրականացման համար ԵՏՄ-ի անդամ երկրները դեռ պետք է ինտեգրացիոն երկար ճանապարհ անցնեն:

Եվ ահա այս պարագայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով փոխհաշվարկների անցումը կարող է հիմք հանդիսանալ հետագայում մեկ միասնական արժույթային գոտու ներդրման համար: Իրականում սա լրջագույն մարտահրավեր կլինի Հայաստանի համար, թեեւ հնարավոր է՝ ունենա նաեւ իր դրական հետեւանքները: Սակայն ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ կարեւորագույն հարցերի շուրջ հայկական փորձագիտական եւ, ինչու ոչ, քաղաքական տիրույթում քննարկումներն իսպառ բացակայում են:
Եվ մինչ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քարոզչական այս փուլում զբաղված են ամբոխահաճո հայտարարություններ անելով՝ գազի սակագինը 25 տոկոսով նվազեցնելու, Հայաստան-Իրան նոր գազատար կառուցելու եւ այլ անիրականանալի ծրագրերի շուրջ, մեզ հրամցվում են նոր ծրագրեր եւ մեխանիզմներ, որոնց իրագործումը հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության՝ էլ ավելի թուլացման:

Հիմա հետաքրքիր է՝ վաղը, մյուս օրը արդյո՞ք ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց «վունդերկինդ» տնտեսագետներով կարձագանքեն Պուտինի հնչեցրած այս առաջարկին եւ արդյոք հանրությանը կիրազեկեն, թե դա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Թե, ինչպես միշտ, նրանց գերակշիռ մասը կնախընտրի Ռուսաստանի, առավել եւս՝ Վլադիմիր Պուտինի մասին միայն լավը կամ ոչինչ սկզբունքով շրջանցել նաեւ այս հարցը՝ մնալով «անշառ» տնտեսական հարցերի ռեպերտուարի շրջանակներում:




Լրահոս