Կրկին փորձիր. Ռուսաստանի մտադրությունների համար Հայաստանում պարարտ հող է նախապատրաստվում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոսկվան պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին աջակցել, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը»,- այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացում, որը, սակայն, հետագայում սառեցվեց:

«Բայց սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու»,- ասել է նա:

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի հաջորդ իսկ օրը Ռուսաստանի արտգործնախարարը անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը՝ ընդգծելով Ռուսաստանի շահագրգռությունն այս հարցում: Արդյոք դա պատահական համընկնում է, թե Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին քննարկման արդյունքներից ելնելով արված հայտարարություն:

Համենայն դեպս, նույն Սերգեյ Լավրովը անցած տարի հոկտեմբերին Երեւանում արդեն իսկ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ ընդգծելով վերջինիս նշանակությունը տարածաշրջանում եւ նշելով, որ Ռուսաստանը դա հաշվի է առնում:

Դրանից հետո, ինչպես հայտնի է, ռուս-թուրքական հարաբերություններն է՛լ ավելի են ջերմացել՝ հակառակ այս երկու երկրների եւ Արեւմուտքի միջեւ նորանոր հակասությունների առաջացմանը: Եվ հետեւաբար ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահագրգռությունը ստանում է այլ աշխարհաքաղաքական շապիկ, եւ առավել սերտորեն է կապվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ:

Եվ եթե հաշվի ենք առնում այն, որ իշխող Հանրապետական կուսակցութան առաջնորդն արդեն իսկ ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ անգամ Ցեղասպանության փաստը վիճարկող հանձնաժողովի ստեղծման գնով վարելու տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտությունը, իսկ տիտղոսավոր ընդդիմություն համարվող «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շրջանառության մեջ է դրել իր «խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն» թեզը, որը միտված է բոլոր հարեւանների՝ առաջին հերթին Ադրբեջանի, ապա Թուրքիայի հետ հաշտությանը, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանի մտադրությունների համար Հայաստանում պարարտ հող է նախապատրաստվում՝ առնազն այս դիսկուրսը առաջիկայում վերաթարմացնելու համար:




Լրահոս