Բոլոր միջադեպերն ունենում են շարունակություն. Լյովա Խաչատրյանը արձագանքեց իր շտաբի պետի դանակահարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:

Երեկ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի պետի եւ նույն մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի թիմակիցների միջեւ:

Երեկ ողջ օրվա ընթացքում Լյով Խաչատրյանի հետ զրուցել հնարավոր չեղավ, վերջինս անջատել էր հեռախոսը: Սակայն արդեն այսօր ArmLur.am-ին հաջողվեց միջադեպի առնչությամբ զրուցել Խաչատրյանի հետ եւ պարզել, թե ում միջեւ է իրականում եղել վիճաբանությունը եւ ինչ դրդապատճառներով:

-Պարո´ն Խաչատրյան, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կիրակի գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել Ձեր թիմակիցների եւ «Ծառուկյան դաշինք»-ով առաջադրված մեկ այլ թեկնածուի` «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի թիմակիցների միջեւ:

Արդյունքում` Քուչակ գյուղի Ձեր նախընտրական շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ Ձեր մեկ այլ կողմնակից Մանուկ Հովսեփյանը դանակահարվել են: Կոնկրետ ո՞րն է եղել միջադեպի պատճառը:

-Անհեթեթություն է, որ իմ եւ Առուստամյանի աղջկա միջեւ կամ իմ ու Առուստամյանի միջեւ որեւէ միջադեպ տեղի ունենա: Դա հորինվածք է: Մենք միասին համագործակցում ենք, փոխանակվում ենք ինֆորմացիայով, միմյանց օգնում ենք: դա հորինված է պարզապես ուշադրությունները շեղելու համար իրական պատվիրատուին գտնելու ճանապարհից:

-Պարո´ն Խաչատրյան, Դուք հերքում եք այդ տեղեկությունները, բայց մինչդեռ երեկ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արագած Ախոյանը, հայտարարել է, որ դա եղել է Ձեր եւ Նորա Առուստամյանի կողմնակիցների միջեւ: Նրա խոսքով՝ պատճառը ռեյտինգային խնդիրներն են, հեռախոսով միմյանց չեն հասկացել, իրար հետ հանդիպել են, եւ այդ ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը:

-Նորից եմ կրկնում՝ դա անհեթեություն է: Կարծում եմ` նման հայտարարություն անողը պարտավոր է փաստեր ներկայացնել:

-Եթե ոչ Ձեր կողմնակիցների միջեւ է վեճը եղել, ապա ո՞վ է հրահրել այդ վեճը եւ դանակահրել Ձեր կողմնակիցներին:

-Հավանաբար, որեւէ այլ կողմնակցի սադրանքն է եղել, բայց ում` առայժմ պարզված չէ:

-Այդ դեպքում իրականում ինչպե՞ս է տեղի ունեցել միջադեպը:

– Իմ շտաբի պետը ենթաշտաբի պետերից մեկի հետ պիտի հանդիպեր, որ քննարկեին թե ինչպես է գործընթացը տվյալ տարածքում: Հանդիպման վայրում հայտնվում է նրա որդին` իր մի խումբ կողմնակիցներով, որը դեմ է լինում հավանաբար, որ հայրը ինձ համար աշխատի, եւ բառ բառի վրա լինում է այն, ինչ եղել է:

-Իսկ միջադեպը հրահրողի հայրը, որը Ձեր կողմնակիցն է, չի՞ ասել Ձեզ, թե ում է սատարում իր որդին:

-Որդուն չեմ ճանաչում, հորն էլ չեմ տեսել: Առայժմ զբաղված եմ իմ շտաբի պետով, որը վերակենդանացման բաժանմունքում է:

-Այս ամենը ունենալո՞ւ է որեւէ շարունակություն, թե կրկին վերջում հայտարարվելու է, որ միջադեպը կենցաղային հարցերի շուրջ է եղել:

-Բոլոր միջադեպերն ունենում են շարունակություն, որը դրված է Ընտրական օրենսգրքի հիմքում:

-Այդ դեպքում ի՞նչ շարունակության մասին է խոսքը: Այսինքն` Դուք անձամբ կամ Ձեր կողմնակիցները վրեժխնդի՞ր եք լինելու:

-Ես չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, ես չեմ կարող ասել: Վերջ ի վերջո, ոչ ոքի թույլատրված չէ դանակահարել մարդկանց, որը կարող էր մահացու հետեւանք ունենալ:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս